Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն օդային ճանապարհով մեկնելու կարգում փոփոխություն է կատարվել: Այն վերաբերում է ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, այլ այն օտարերկրացիներին, որոնք Հայաստան են ժամանել և Ռուսաստան են մեկնում ոչ Եվրասիական տնտեսական միության տարածքից:
Ռոմելլա Աբովյան, ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ - Եթե ԵԱՏՄ երկիրը, օրինակ՝ ՀՀ-ն հանդիսանում է տարանցիկ կամ կարճաժամկետ կանգառ՝ օտարերկրյա քաղաքացու համար, ապա այս դեպքում ներկայացվում է երրորդ երկրի կողմից տրված տեղեկանքը՝ լաբորատոր հետազոտության արդյունքով, որը ևս պետք է լինի 3 օրվա վաղեմության:
Փոփոխությունը կատարվել է 2021 թ. փետրվարի 1-ից գործող «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածում: Այն արդեն 5 ամիս է հնարավորություն է տալիս ԵԱՏՄ մի երկրից մյուսը տեղափոխվել միայն ՊՇՌ հետազոտություն անցնելով: Թեստի բացասական արդյունքը ներբեռնվում է հավելված, վերածվում QR կոդի և անարգել դարձնում ԵԱՏՄ տարածքում ճամփորդելը:
Ռոմելլա Աբովյան - ԵԱՏՄ երկրի քաղաքացիները, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, պետք է Ռուսաստանի Դաշնություն օդային սահմանով մուտք գործելիս ներկայացնեն «Ճամփորդիր առանց քովիդ» հավելվածը՝ ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտության բացասական արդյունքով, ընդ որում՝ դա պետք է լինի 72-ժամյա վաղեմության:
Հերմինե Մկրտչյանն առաջին անգամ է օգտվում հավելվածից: Հեռախոսում ընտանիքի ևս երկու անդամի հետազոտության բացասական արդյունքի տվյալներն են:
Հերմինե Մկրտչյան - Թեստը հանձնել եմ մի օր առաջ, որ այսօր մեկնեմ Ռուսաստանի Դաշնություն, թեստի արդյունքը բացասական է: Այստեղ ենք ցույց տալու ու վերջ, այնտեղ երևի չեն էլ հարցնի, ինչքան որ տեղեկացված եմ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ «Ճամփորդիր առանց Քովիդ-19-ի» հավելվածն առաջիկայում նախատեսում է ընդլայնել իր աշխարհագրությունը:
Ռոմելլա Աբովյան - «Ճամփորդիր առանց քովիդ» հավելվածը նաև մոտ ապագայում տարածվելու է ԱՊՀ անդամ բոլոր երկրների համար և լինելու է միասնական:
Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար սահմանված նոր կարգն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 25-ից: