Քանի՞ մետաղական հանք կա մեր երկրում, որ ընկերությունները թույլտվություն ունեն արդյունահանել օգտակար հանածոներ, ի՞նչ տեսակի են և որքա»ն են կազմում Հայաստանում օգտակար հանածոների հաստատված պաշարները: Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը ներկայացրել է 2019 թվականի զեկույցը:
Ովքե՞ր են Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերը: Առաջին անգամ Հայաստանում Էլեկտրոնային համակարգի միջոցով հասանելի է դարձել նաև իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանի խոսքով՝ այսօր գործարարներն իրազեկված չեն այս համակարգի մասին, որի հետևանքով կարող են ենթարկվել քրեական և վարչական պատասխանատվության:
Հայաստանն արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ներդրման առաջընթացը գնահատող առաջին միջազգային վավերացման արդյունքներով 2020 թվականին դարձավ նախաձեռնության անդամ երկրների ցանկում 9-րդը, որին միջազգային խորհրդի կողմից տրվեց ամենաբարձր գնահատականը:
55 երկրների միավորող նախաձեռնության հիմնական նպատակն է հանքարդյունաբերության ոլորտում ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն: Մի քանի տարի է, ինչ Հայաստանի կառավարությունը միացել է նախաձեռնությանը և այս ընթացքում հասցրել է իրականացնել մի շարք օրենսդրական բարեփոխումներ: Արդեն այս տարի Հայաստանն ամենաբարձր առաջընթացի գնահատականի է արժանացել նաև նախաձեռնության կողմից՝ իրական սեփականատերերի բացահայտման պահանջի մասով: