Վերապատրաստման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է սփյուռքահայ ուսուցիչներին՝ ընդգծելով.
«Նախարարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս սփյուռքի ուսուցիչների վերապատրաստմանը Հայաստան-Սփյուռք համագործակցության համատեքստում և ձգտում է առավելապես օգտակար լինել: Վերապատրաստումներին զուգընթաց կարևորագույն խնդիրներից է նաև սփյուռքի կրթօջախներին դասագրքերով և ուսումնական անհրաժեշտ նյութերով ապահովումը: 2021 թվականի հունվարից սկսած՝ 14 երկրի 47 կրթօջախներին տրամադրվել է շուրջ 20000 կտոր ուսումնական գրականություն»:
Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ այս տարի կիրականացվի հետազոտություն, որի նպատակն է գնահատել վերջին տասը տարում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ազդեցությունը սփյուռքի կրթօջախներում իրագործվող կրթական գործընթացների վրա.
«Վստահ եմ, որ հետազոտության արդյունքները նույնպես կնպաստեն սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը զարգացնելու և կատարելագործելու համար: Ցանկանում եմ հայտնել նաև, որ սփյուռքի կրթօջախների տվյալների բազայի կառավարման էլեկտրոնային նոր հարթակի ստեղծմամբ, որի մշակումն ու շահագործումը նախաձեռնել է նախարարությունը, հնարավոր կլինի նաև ստանալու տեղեկություն սփյուռքում գործող կրթամշակութային հաստատությունների մասին»:
Եզրափակելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ այս տարվա վերապատրաստումը նույնպես բոլորին կհամախմբի համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ: Առցանց հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նա որպես նորամուծություններ կարևորել է տնօրենների վերապատրաստումը և «Հայոց պատմության դասավանդման» ու «Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդման» վերապատրաստման կազմակերպումն առանձին ծրագրերով:
«Համավարակը մեզ մղեց նորարարությունների. հետագայում ևս շարունակելու ենք ուսուցիչների վերապատրաստման որոշ բաղադրիչներ իրականացնել առցանց: Դա հնարավորություն կտա ընդլայնել մասնակիցների շրջանակը, աշխարհագրությունն ու ապահովել վերապատրաստման երկարատև գործընթաց»,- հավելել է փոխնախարարը: Արդեն երկրորդ տարին է, ինչ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը նախարարության կողմից կազմակերպվում է հեռավար ձևաչափով՝ պայմանավորված COVID-19 համավարակով:
Հաշվի առնելով հեռավար ձևաչափի սահմանափակումները՝ ծրագրային բովանդակության մշակման ընթացքում շեշտադրումը կատարվել է նոր գիտելիքի փոխանցման, կարողությունների և հմտությունների զարգացման վրա: Միաժամանակ մշակութային միջոցառումների փոխարեն, օրինակ՝ այցելություններ թանգարաններ, մշակութային գործիչների հետ հանդիպումներ և այլն, կազմակերպվելու են թանգարանային հեռավար ուսուցում և թեմատիկ դասախոսություններ:
Այս տարվա առցանց վերապատրաստմանը մասնակցում են սփյուռքի կրթօջախների շուրջ 140 ուսուցիչներ՝ շուրջ 20 երկրից, ներառված են հետևյալ յոթ ծրագրային ուղղությունները՝ -ուսուցում մանկապարտեզում, ուսուցում մեկօրյա դպրոցում, տարրական ուսուցում, հայոց լեզվի և գրականության դասավանդում, Հայոց պատմության դասավանդում, հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում, - վերապատրաստում տնօրենների համար:
Մեկամսյա դասընթացների կազմակերպումը մրցույթով ստանձնել է «Ֆիչըր» («Feature») կազմակերպությունը` «ՊրոԴեՖորմ» («ProDeForm») կազմակերպության հետ համագործակցությամբ: