2021-ի երկրորդ եռամսյակը բարդ ու լարված ժամանակաշրջան էր լրատվամիջոցների և լրագրողների համար, ինչը պայմանավորված էր հետպատերազմական ճգնաժամով, դրան հաջորդած նախընտրական գործընթացներով, բուն ընտրություններով՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի, ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույցն ամփոփելիս նշեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: Մելիքյանի խոսքով՝ նման լարված իրավիճակներում ավելի ցայտուն են երևում տեղեկատվական դաշտում առկա խնդիրները:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության կոմիտեի նախագահ) - Ավելի ցայտուն երևաց լրատվամիջոցների բևեռացումը, տարբեր քաղաքական և բիզնես շրջանակների ծառայելը. դա ակնհայտ էր լրատվամիջոցների ճնշող մեծամասնության կողմից:
Ըստ Մելիքյանի՝ լարվածությունը լրատվական դաշտից տեղափոխվեց հասարակություն, և յուրաքանչյուր քաղաքական ուժի համակիր իր պարտքն էր համարում անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել այլ ճամբարի հետ ասոցացվող լրատվամիջոցի ներկայացուցչի հանդեպ:
Աշոտ Մելիքյան - Դա, իհարկե, շատ լուրջ խոչընդոտ էր լրագրողական գործունեության համար, դա շատ լուրջ մարտահրավեր էր օբյեկտիվորեն գործընթացները ներկայացնելու:
Արտահերթ ընտրության օրը՝ հունիսի 20-ին, արձանագրվել է 4 դեպք, երբ խոչընդոտել են լրագրողի աշխատանքը:
Աշոտ Մելիքյան - Ընտրատեղամասերից մեկում, որտեղ երկու օպերատորի թույլ չէին տալիս լուսաբանել, ասում էին, որ բեյջից բացի պետք է ցույց տալ անձնագիրը:
Նախընտրական ժամանակահատվածում՝ հունիսի 7-18-ը, արձանագրվել է բռնության 2 և ճնշումների 5 դեպք:
Աշոտ Մելիքյան - Առհասարակ պետք է ասել, որ երկրորդ եռամսյակի ընթացքում, այդ ցույցերի, այլ զանգվածային միջոցառումների ժամանակ մենք արձանագրել ենք 20 դեպք:
Երկրորդ եռամսյակում արձանագրված 20 դեպքից 8-ը ֆիզիկական բռնության դեպքեր են՝ կա 9-տուժած, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 43 դեպք է արձանագրվել, տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների՝ 15 դեպք: Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ՝ լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ ճնշումների, ֆիզիկական բռնության դեպքերը նույնպես ավելացել են: Նվազել են միայն տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները:
Աշոտ Մելիքյան - Երկրորդ եռամսյակում շեշտակի աճել են դատական հայցերն ընդդեմ լրատվամիջոցների և լրագրողների: Եթե առաջին եռամսյակում արձանագրել էինք 10 հայց, ապա երկրորդ եռամսյակում 23-ն են:
Բոլոր հայցերը վիրավորանքի ու զրպարտության հիմքով են: Տեղեկատվական դաշտում խնդիրները, ապատեղեկատվությունն ու կեղծիքը մտահոգվելու տեղիք են տալիս: Հետընտրական Հայաստանում ատելության խոսքը, կեղծ լուրերն ու վարկաբեկելու գործընթացները լրատվամիջոցներում պակասել են, բայց, Մելիքյանի կարծիքով, դա կտևի այնքան, մինչև նոր խորհրդարանը սկսի իր աշխատանքը: