Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ «Վրացական երազանքից» քաղաքապետի թեկնածուին այլընտրանք չի լինի ոչ Թբիլիսիում, ոչ էլ այլ քաղաքներում՝ հայտնում է apsny.ge-ն:
Կառավարության ղեկավարը կարծում է, որ ընդդիմադիր թևի հիմնական նպատակը ավերումն է, ոչ թե առողջ քաղաքական գործընթացը:
«Ինչքան հասկացանք, «Ազգային շարժումը» մյուս կուսակցությունների նման ծրագրեր չունի, բացառությամբ մեկի՝ ստեղծել մշտական քաոս և ապակայունացում»,- ասել է Ղարիբաշվիլին:
Մայրաքաղաքը ղեկավարելու համար իշխող կուսակցությունից կպայքարի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն:
Վրաստանի ընդդիմությունը սկսել է քննարկումները՝ ՏԻՄ ընտրություններում ընդհանուր ընդդիմադիր թեկնածուներ առաջադրելու համար: Ընդդիմության մի մասը կողմ է ընդհանուր թեկնածուով իշխող կուսակցության դեմ պայքարելուն, մի մասն էլ կարծում է, որ կուսակցությունների առանձին մասնակցությունը կարող է ավելի արդյունավետ լինել:
ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 2-ին: Այս տարվա ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ դրանց արդյունքներով որոշվելու է ոչ միայն համայնքային մարմինների կազմը, այլև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը: Եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանա համամասնական ձայների 43%-ից պակաս աջակցություն, 2022 թվականին Վրաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: