Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը կառավարության ուշադրության կենտրոնում է. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Թիրախում գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ծրագրերն են, որոնց բովանդակության հիմքում զարգացումն է՝ ընդգծել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Կփորձենք հասկանալ, թե ինչքանով են ծրագրերն աշխատում և ինչ պիտի անենք, որպեսզի դրանք հասցեական, հասանելի, արդունավետ դարձնենք՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման իմաստով:
Նաև 50 համայնքում կկառուցվեն համայնքային կենդանիների հավաքատեղիներ: Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նախ արձանագրել է, որ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 59 տոկոսով աճել է: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն, ինչը երկու անգամ ավելի է՝ նախորդ տարվա համեմատ: Գյուղատնտեսության ոլորտում զարգացման 14 ծրագիր կա՝ այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության և լիզինգի:
Արման Խոջոյան, Էկոնոմիկայի փոխնախարար - Լիզինգի կիրառումը լրացուցիչ ֆինանսական գործիք է նաև ֆինանսական շուկայում: Լիզինգի գործիքը տրամադրվում է գյուղատնտեսական տեխնիկայի և ագրովերամշակման սարքավորումների համար: Ծրագրի մեկնարկը և իրականացումը գնահատում ենք բավականին լավ, ցուցանիշները մեզ բավարարում են: Նաև ուրախալի է, որ լիզինգի գործիքի հաջող կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտական ասոցիացիաներ, որոնց հետ համագործակցելով և օրենսդրական բարեփոխումների միջոցով կարողանում ենք ավելի նպատակային դարձնել ծրագիրը
Այս ծրագրով վերամշակման սարքավորումների համար նախատեսված սահմանաչափը 450 մլն դրամից բարձրացվել է մինչև 1 մլրդ դրամ: Խոջոյանը հավելել է՝ միջազգային ծրագրերի շրջանակում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200-ով:
Փոխնախարարի խոսքով՝ հետաքրքրություն կա ինտենսիվ այգեգործության ծրագրի նկատմամբ: 2020 թվականին հիմնվել է 518,6 հեկտար այգի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում՝ 350,7 հեկտար: Ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում նաև ջրավազաններ կառուցելու հնարավորություն կա, ինչը թույլ է տալիս տնտեսվարողներին կուտակել ջուրը և ըստ անհրաժեշտության մատակարարել:
Ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը, պայմանագրերի թիվը 3 անգամ ավելացել է: Հանդիպմանը քննարկվել է նաև գինու, կոնյակի արտահանման ոլորտում զարգացումներն ու առկա խնդիրների լուծման քայլերը: Անդրադարձել են տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքին: Խոջոյանը տեղեկացրել է, որ 6 մարզի 19 համայնքում ընթանում են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի ներդրման աշխատանքներ: Այս տարի ևս 10 համայնքում կմեկնարկեն դրանք:
Վարչապետի պաշտոնակատարը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է պատասխանատուներին ուշադրությամբ հետևել ծրագրերի շահառուների նախագծերի ընթացքին՝ շեշտելով, որ գյուղոլորտի արտադրողականության բարձրացումն ու ծրագրերի արդյունավետության ապահովումն անհրաժեշտություն է: