Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով ևս 13 հայ ռազմագերու դատավարություն: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6-ական տարվա ազատազրկման է դատապարտել նրանց: Գերիներին կեղծ մեղադրանքներ են ներկայացված ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու, ապօրինի զինված խմբավորում կազմավորելու հոդվածներով:
*****
«Ֆրանսիայի իշխանությունն ամենաբարձր մակարդակով տեղեկացված է, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով Երասխի հատվածում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իր գրառմանը: Դեսպանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո սկսել քաղաքական գործընթաց։ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Քանի դեռ այդ կարգավիճակը որոշված չէ, ո՛չ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, ո՛չ Երևանում Ֆրանսիայի դեսպանը չեն կարող այցելել Ղարաբաղ»,- ասել է Լաքոթը: Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական գործակցությանը պաշտպանության ոլորտում, դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է քննել Հայաստանի իշխանության բոլոր հայտերը: Ֆրանսիացի դիվանագետն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից շրջանառվող, այսպես կոչվող, Զանգեզուրի միջանցքի գաղափարին՝ ընդգծելով. «Մենք այլևս մի այնպիսի աշխարհում չենք, որտեղ ստեղծում ենք միջանցքներ ուրիշների տարածքների հաշվին։ Միջանցքները շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը»,- նշել է դեսպանը:
*****
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին և Կենտրոնական Ասիայի երկրների համար առկա սպառնալիքներին, կարևորել է ՀԱՊԿ-ի դերակատարումը: «Կենտրոնական Ասիայի հարևանների հետ մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ՀԱՊԿ շրջանակում բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ: Իհարկե, հուսով ենք, որ ոչ ոք չի փորձի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի ամրությունը և ագրեսիայի չի դիմի ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ»,- ասել է նա՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ» վեբինարի ժամանակ:
*****
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ լիիրավ անդամ դառնալու որևէ հեռանկար չունի՝ մեկնաբանելով Կիպրոսում Թուրքիայի վերջին սադրանքները: «Ես մինչև օրս չեմ տեսել ԵՄ-ին Թուրքիայի անդամակացության հնարավորություն»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ ջանքեր է գործադրում Անկարայի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար: Բացի այդ, պատասխանելով Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված փախստականների վերաբերյալ համաձայնագրին առնչվող հարցերին, Մերկելը նշել է, որ Եվրոպական խորհուրդը փախստականներին առնչվող աշխատանքներին աջակցելու նպատակով որոշել է ևս 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային։
*****
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը, որի ընթացքում անդրադարձել է նաև Արցախյան վերջին պատերազմում Անկարայի ներգրավվածությանը: Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ռազմական գործողությունների ժամանակ երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի դերակատարությունը սրեց տարածաշրջանային լարվածությունը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը: Նա տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը ճնշումներ է գործադրում Անկարայի վրա՝ կայունությանը սպառնացող տարածաշրջանային հակամարտություններում չներգրավվելու համար: