Հինգշաբթի Իրանը պաշտոնապես սկսեց նավթ արտահանել Հորմուզի նեղուցը շրջանցող նոր խողովակաշարով: Իրանի նախագահ Հասան Ռոհանին առցանց արարողության ժամանակ ասել է, որ դա պատասխան է ԱՄՆ կողմից իրանական նավթի արտահանման արգելափակմանը:
IRNA գործակալությունը հայտնում է, որ 1000 կիլոմետրանոց խողովակաշարն անցնում է Բուշեր նահանգից դեպի Օմանի ծոցի ափին գտնվող Ջասկ նավահանգիստ: Առաջին փուլում օրական 350 հազար բարել նավթ կմղվի, ապագայում այդ ցուցանիշը կարող է հասնել 1 միլիոն բարելի:
Իրանի նախագահն ասել է, որ Իրանը բացեց Օմանի ծոցում իր առաջին նավթային տերմինալը, ինչը թույլ կտա խուսափել Հորմուզի նեղուցով բեռնափոխադրման ուղուց, որը տասնամյակներ շարունակ տարածաշրջանային լարվածության կենտրոնում է:
Արարողության ժամանակ Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրել է «իր երկրի նկատմամբ տնտեսական պատերազմ» վարելու համար, որի նպատակն է խոչընդոտել իրանական նավթի արտահանումն ու Իրանի նավթարդյունաբերության զարգացումը:
Իրանը և Պարսից ծոցի այլ երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրաքը, Կատարը և ԱՄԷ-ն, նավթի հումքն արտահանում են Հորմուզի նեղուցով: Իրանը նախկինում սպառնում էր արգելափակել նեղուցը, եթե ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով կխոչընդոտի իրանական նավթի արտահանումը: