Որևէ հեռանկար չկա, որ Թուրքիան դառնա Եվրամիության լիիրավ անդամ՝ երեկ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով Կիպրոս կղզում տեղի ունեցած թուրքական վերջին սադրանքներին՝ գրում է greekcitytimes-ը:
«Ես չեմ տեսել և չեմ էլ տեսնում Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը»,- ասել է Մերկելը՝ միաժամանակ նշելով, որ բոլոր ջանքերը գործադրում է Անկարայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար:
Պատասխանելով Թուրքիայի անդամակցության հեռանկարի վերաբերյալ հարցերին՝ կապված փախստականների մասին համաձայնագրի, ինչպես նաև Թուրքիային հետագա ֆինանսական աջակցություն տրամադրելու Եվրախորհրդի վերջին որոշման հետ, կանցլերն ասել է. «Եվրոպական խորհրդի վերջին նիստում մենք որոշեցինք ևս 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային փախստականների խնդրին աջակցելու համար: Չեմ կարծում, որ մենք պետք է փախստականներին որպես քաղաքական գործիք օգտագործենք, նրանք մարդիկ են»:
Մերկելը ցանկություն է հայտնել, որ ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը հետագա զարգացում ունենա, քանի որ «սա լավագույնն է ժողովրդի համար»: