Հայաստանի գլխավոր դատախազությունն առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով 78 քրեական գործ է հարուցել:
Դրանցից 33-ը՝ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության, 6-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու հատկանիշներով: Նույնքան քրեական գործ է հարուցվել քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու կամ երրորդ անձանց համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելու հատկանիշներով:
Գլխավոր դատախազությունը նաև արձանագրել է ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու, հարկադրելու կամ հավաքին մասնակցելու, հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու, ծեծի, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքեր:
Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 83 անձի: Նրանցից 33-ը մեղադրվում կամ կասկածվում է ընտրակաշառք տալու, 38-ը՝ ընտրակաշառք վերցնելու համար:
Տարբեր քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 8 թեկնածուի, 4-ը «Պատիվ ունեմ» դաշինքից է, 2՝ «Հայաստան» դաշինքից: 1-ը «ԲՀԿ-ից՝ և 1-ն էլ «Վերելք»-ից:
Թեկնածուներից մեկը, ում ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է ՀՀ տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Բոլոր 8 թեկնածուները, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս 16 անձ կալանավորվել է մեկի նկատմամբ դատախազի որոշմամբ հետագայում ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ:
14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան: Մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է: