ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքում գտնվող Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիրի տարածքում իրականացվում են հուշարձանների՝ փլատակներից մաքրման և պեղման, ինչպես նաև չափագրման ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սահմանված կարգով մրցույթ էր հայտարարել Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիրի նախագծման, չափագրման և վերականգնման աշխատանքների իրականացման համար։ Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթի հաղթող ճանաչված «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կողմից: Այժմ ընթանում են հնագիտական ուսումնասիրությունների և պեղման աշխատանքներ:
Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրը կառուցվել է X-XIII դդ․ և գտնվում է Դսեղից 2 կմ հյուսիս-արևելք՝ Մարց գետի ձախակողմյան ձորալանջին՝ անտառի մեջ։ Այն կառուցվել է ի հիշատակ հայ առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, գավթից, մատուռից, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցից, ձիթհանից և դեպի վանական համալիր տանող կածանի ճանապարհին գտնվող խաչքարերից ու բնական աղբյուրից։ Վերջինս հայտնի է նաև «Գիքորի աղբյուր» անվամբ՝ համաձայն «Գիքոր» ֆիլմում աղբյուրից ջուր խմելու տեսարանի: Հիմնական խումբը կազմող 2 եկեղեցիներն իրար կից են։
Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ Բարձրաքաշ վանքի կառուցումը Համազասպ Մամիկոնյանի թոռ և Սարգսի որդի Մարզպանը սկսել է Թամարի որդի Գիորգիի թագավորության և Իվանե Զաքարյանի օրոք:
Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր։ Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիչները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով։
Վանական համալիրը մասնակիորեն նորոգվել է 1939 թ., մաքրման, պեղման աշխատանքներ կատարվել են 1950 և 1969 թվականներին: Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիրը 2014 թ. ներառվել է «Եվրոպա Նոստրա» առավել վտանգված 11 հուշարձանների ցանկում:
2016 թ․ ՀՀ պետական բյուջեի միջոցներով մշակվել է տեղահանված, տեղաշարժված քարերի ապամոնտաժման, հաշվառման, փաստագրման նախագիծը, որով նույն տարում իրականացվել են համապատասխան աշխատանքները։