Եվս 153 զոհված զինծառայողի ընտանիք փոխհատուցում ստացավ Զինծառայողների ապահավոագրության հիմնադրամից: Գործընթացն այսքանով չի ավարտվում:
Վարուժան Ավետիքյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն) - 3600-ից ավելի դեպքով հատուցումներ են կատարվել, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մեր զոհված զինծառայողների մեծ մասն է: Երևի դեռևս կա շուրջ 100 դեպք, ընթացքում ստանում ենք: Դրանք բարդ դեպքերն են իրավական առումով. հայրություն է պետք ճանաչել, փաստացի ամուսնալուծվել են և այլն:
Արդեն սկսել են հատուցել նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին:
Ալեքսանդր Ավետիսյան (ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ) - Ընդհանուր 1386 անձ հաշմանդամության կարգ է ստացել, որից 940-ով արդեն կա զինհաշմանդամության պատճառական կապ: Հիմնադրամին ենթակա են 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամները: Առաջին խումբը կազմում է 67, երկրորդը՝ 284:
Մյուսները զինհաշմանդամության կենսաթոշակ կստանան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Մինչև կարգի հաստատումը փոխհատուցում ստանում են «Կամուրջ» ծրագրով, որը վճարումներ կատարում է նաև անհայտ կորածների ընտանիքներին: 6 ամիսը՝ Կառավարության որոշմամբ, երկարացվել է ևս 3 ամսով:
Ալեքսանդր Ավետիսյան - Անձինք պետք է տեղեկացված լինեն, որ դրանից հետո եթե անհայտ բացակայող ճանաչման հայցով դատարան չդիմեն, վճարումները կդադարեցվեն, ցանկալի կլինի դիմեն դատարան, ճանաչեն, որ շարունակականությունը պահպանվեն:
Մինչև տարեվերջ անհետ կորածների թիվը կնվազի, կավելանա զոհված զինծառյաողներինը՝ նշում է Ավետիքյանը. դեռ զինծառայողների մասունքներ կան, որ նոր են գտնում, նույնականացնում...
Վարուժան Ավետիքյան - Կարծում եմ՝ մինչև տարվա վերջ կստանանք կհատուցենք ընդհանուր 700-800 դեպք, որոնց մեջ կմտնեն զոհվածներ, անհետ կորածներ, հաշմանդամներ, ու այդպիսով աղետի հասցրած վնասները կհատուցենք գոնե ֆինանսապես:
Այս պահին ամսական շուրջ մեկ միլարդ դրամ վճարումներ են կատարում, այս թիվը ևս կավելանա: Այսինքն՝ տարեկան շուրջ 13 մլրդ դրամ ամսական վճարումներ ենք անելու:
Մինչև հիմա 43 մլրդ դրամ փաստացի վճարում է կատարել հիմնադրամը՝ միանվագ, ամսական և այլն, այսինքն՝ շուրջ 85 մլն դոլար:
Եթե հիմնադրամին ամսական պարտադիր վճարների սահմանաչափը չփոխվեր, վճարումների երկարաժամկետ հատվածում խնդիրներ կունենային՝ նշում է Ավետիքյանը: Ավելացնում՝ նվիրատվությունների կարիք հիմնադրամը միշտ ունի:
Վարուժան Ավետիքյան - Էս պահին, կարծում եմ, շուրջ 8 մլրդ դրամի ֆինանսավորման կարիք ունենք լրացուցիչ, միշտ պետք է ռեզերվ ունենալ: Եթե այդպես չանեինք, էս պատերազմին ֆինանսական առումով պատրաստ չէինք լինի:
Նշում է՝ ստեղծման օրվանից հիմնադրամն իր հաշվարկներում դիտարկել է բոլոր սցենարները, ընդհուպ ամենավատը:
Վարուժան Ավետիքյան - Նույնիսկ այն տարիներին, երբ պատերազմ չի եղել և չակերտավոր խաղաղության տարիներին տարեկան 40-50 դեպք ենք ունեցել, մինչև այս պատերազմը 416 դեպքով փոխհատուցում անում էինք:
Պատերազմից հետո հիմնադրամն ունեցավ լրացուցիչ ֆոնդահայթաթման կարիք: Հենց այդ նպատակով էլ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, վերջինը Արևագորգն է:
Սոնա Բաղդասարյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդահայթայթամն ու դոնորների հետ կապերի պատասխանատու) - Գորգը Արցախի Ջրբերդ է, որը, հուսանք, 2 ամսվա մեջ ամբողջությամբ կհյուսվի, կվաճառվի ու կուղղվի հիմնադրամ:
Այս նախագիծը շարունակական է, ավարտելուն պես նոր գորգ են սկսելու գործել:
Եվս մեկ նախաձեռնություն էլ սեպտեմբերին է մեկնարկելու՝ արվեստի աճուրդ օնլայն տարբերակով՝ ընդհանուր մոտ 50 նկարի: Այդպիսի վաճառք մեկ անգամ արդեն պատերազմի օրերին կազմակերպվել էր՝ վաճառվել էր մոտ 130 նկար:
Սոնա Բաղդասարյան - Հեղինակները շատ տարբեր են, այդ թվում՝ ոչ հայազգի, ռուս հայտնի նկարիչներ կան, հիմնականում գեղանկարներ են:
Կան նաև հավատարիմ նվիրատուներ՝ միշտ ու պարտաճանաչ փոխանցումներով:
Վարուժան Ավետիքյան - Շուրջ 1000 նվիրատու ամեն ամիս որոշակի գումար՝ 50-200 դոլար մեզ վճարում են աշխարհի տարբեր տեղերից:
Հիմնադրամը մինչև այս պահը փոխհատուցում է տրամադրել 4177 դեպքով: Առաջացած խնդիրներն էլ միայն տեխնիկական են:
Վարուժան Ավետիքյան - Որևէ ընտանիք ֆինանսական միջոց չլինելու պատճառով գումար չստանա՝ դա բացառում եմ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան