ԱՄՆ իշխանությունները մտադիր են Քուվեյթի և Կատարի երկու ռազմաբազայում տեղակայել Աֆղանստանի մոտ 35,000 բնակիչի, մինչև ամերիկյան վիզաներ ստանալը: Այս մասին ասվում է The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում:
Նյութի մեջ նշված է, որ խոսքը նրանց մասին է, ում վրեժխնդրություն է սպասվում արմատական «Թալիբան» շարժման գրոհայիններից:
Ռազմական օբյեկտներում աֆղանստանցիներին կտրամադրվի ժամանակավոր կացարան՝ առնվազն 18 ամիս: Նրանց բնակարանային պայմանների համար կվճարեն ԱՄՆ իշխանությունները, ինչը, ամենայն հավանականությամբ, կարժենա «մի քանի հարյուր միլիոն դոլար»:
Ըստ The New York Times-ի՝ Աֆղանստանից տարհանվածներին արտոնություններ չեն տրամադրվի ամերիկյան վիզա ստանալու համար, չի բացառվում նաև, որ նրանց մի մասը կմերժվի ու կվերադարձվի հայրենիք:
Իսկ Աֆղանստանում լարվածությունն ավելի է խորանում: Ըստ վերջին տեղեկությունների՝ անհայտ անձինք երկրի Քանդահար նահանգի Սպին-Բոլդակ շրջանում սպանել են ավելի քան հարյուր խաղաղ բնակչի:
Այդ բարբարոսության համար Աֆղանստանի կառավարությունը մեղադրում է արմատական «Թալիբան» շարժման զինյալներին, որոնց հսկողության տակ է անցել այդ տարածաշրջանը: «Թալիբանի» խոսնակն էլ հերքել է շարժման դեմ մեղադրանքները: