Հայաստանում դրոնների առաջին ճամբարի հասցեն կա, թռիչքուղին էլ: Երազանքը Կարեն Վարդանյանինն էր՝ ստեղծել անօդաչուների օդանավակայան։ Դրոնների իրական բազա ստեղծելու համար հիմա Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու Ստարտափ Արմենիան դրամահավաք են սկսել:
Արթուր Ավետիսյան («Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» խորհրդի անդամ) - Հիմա արդեն 80 հազար դոլարին մոտ հավաքվել է, մեզ անհրաժեշտ է 110 հազար, որ կարողանանք առաջնային անհրաժեշտության պայմաններն ապահովել:
Ճամբար-բազան կունենա ԱԹՍ խմբակներ, կգործեն ընկերություններ, որ պատանիները տեղում ստանան ինժեներական, գործնական հմտություններ, ստեղծեն իրենց սեփական դրոնները:
Տարածքում հնարավոր կլինի ավտոմատ թռիչքներ անել, ֆիքսված ժամանակում անօդաչուներով գտնել օբյեկտներ, փորձարկել բեռ տեղափոխող դրոններ: Հենց դրա համար նույնիսկ տեղի երեխաներն են ոգևորված հասնում օգնության:
Երազանքների տեխնոհայրենիքը ստեղծելու համար Լոռին առաջին հասցեն էր, հենց գումարը հավաքվի ու գործարկեն, ծրագիրը կընդլայնեն: Իսկ ԱԹՍ ճամբարին ընդառաջ թռիչքուղին սեպտեմբերին կփորձարկեն Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթի մասնակիցները: Ըստ բարդության՝ կմրցեն դպրոցականները, սկսնակներն ու մասնագիտացած ընկերությունները: