Երկիրը կառուցվում է սահմաններից, յուրաքանչյուր քաղաքացի, անկախ բնակության վայրից, պետք է իր արևի բաժինն ստանա: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրենը վստահեցնում է՝ թիկունքի բնակիչները շուտով կստանան իրենց բաժին արևը: Հայաստանի ու Արցախի սահմանամերձ համայնքներ մշակութային այցեր կլինեն՝ ներկայացումներ, հանդիպումներ, վարպետաց դասեր:
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրով մարզերում կներկայացվեն «Անխելք մարդը», «Գելը» ներկայացումները: Բացի ներկայացումներ դիտելուց, մարզերի երեխաները կհանդիպեն հեքիաթագրի հետ, կսովորեն՝ ինչպես տիկնիկ պատրաստել:
Սահմանամերձ համայնքներում կլինեն նաև երաժշտական անակնկալներ. կնչի Բաբաջանյան, կլինեն ջազային կատարումներ: Թիկունքում միջոցառումներն այսպես չեն ավարտվի, մշակույթի գերատեսչությունից նշում են՝ անակնկալները շարունակական են լինելու: