ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների ցուցակում է ներգրավել Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարար Ալվարո Լոպես Միերային և Կուբայի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումը՝ կղզում բողոքի ցույցերը ճնշելու հարցում նրանց ենթադրյալ մասնակցության համար՝ գրում է ТАСС-ը:
Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարրիլան ԱՄՆ պատժամիջոցները որակել է որպես զրպարտանք և ոչ հիմնավոր:
«Լավ կլինի՝ Վաշինգտոնն ԱՄՆ-ի նկատմամբ կիրառի Մագնիտսկու օրենքը 2020-ի ճնշումների և ոստիկանության բռնությունների համար, որոնք 1021 մարդու կյանք խլեցին»,- գրել է դիվանագետը Twitter-ում:
Կուբայի իշխանությունները միաժամանակ հերքել են հուլիսի 11-ին հանրապետությունում անցկացված զանգվածային բողոքի ցույցերից հետո քաղաքացիների անհետացման, անչափահասների մահվան, ինչպես նաև խոշտանգումների դեպքերի մասին արևմտյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները:
Կուբայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ ձերբակալվածների մեծ մասն արդեն ազատության մեջ է, նրանք դատապարտվել են տուգանքների՝ վանդալիզմի և հասարակական կարգը խախտելու համար: Պարրիլան հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունը ճնշում է գործադրում Լատինական Ամերիկայի և Արևելյան Եվրոպայի մի շարք պետությունների վրա՝ պահանջելով Կուբայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն որդեգրել: