Բրիտանացի հետազոտողները պարզել են, որ «Ֆայզեր» (Pfizer) պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների միջև ավելի երկար ժամանակահատվածը մարմնի իմունային համակարգին ստիպում է ավելի շատ հակամարմիններ արտադրել Քովիդի դեմ պայքարելու համար:
Հետազոտության համար համեմատվել է Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության 503 աշխատակիցի իմունային ռեակցիան: Նրանք ստացել են պատվաստանյութի 2-րդ չափաբաժինը տարբեր ժամանակահատվածներով: Ընդունումից 1 ամիս անց չափվել է հակամարմինների մակարդակը նրանց արյան մեջ: Ստացված արդյունքները վկայել են, որ «Ֆայզեր» պատվաստանյութի չափաբաժինները ձևավորում են կայուն իմունային պատասխան ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դադարներով դեպքում: Պարզվել է. որ երեքշաբաթյա գրաֆիկի դեպքում արտադրվել են ավելի քիչ քանակով հակամարմիններ, քան 10-շաբաթյա ինտերվալի դեպքում:
Ավելի երկար ինտերվալը հանգեցրել է ավելի քիչ թվով T բջիջների արտադրմանը, բայց ավելի մեծ քանակով օժանդակ T բջիջների, որոնք, ըստ հետազոտողների, աջակցում են իմունային հիշողության ձևավորմանը:
Պատվաստումների հարցերով պատասխանատու Նադիմ Զահավին ասել է, որ Pitch-ի վերջին հետազոտության արդյունքները չափազանց կարևոր են ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այն կօգնի ավելի լավ հասկանալ իմունային պատասխանի ձևավորման մեխանիզմը և պատվաստանյութի 2 չափաբաժինները ստանալու կարևորությունը:
«Ֆայզերը» Մեծ Բրիտանիայում օգտագործվող 3 պատվաստանյութերից մեկն է՝ «Աստրազենեկայի» և «Մոդեռնայի» հետ: