Գուրգեն Մարգարյանի գործով Եվրադատարանի վճռից մեկուկես տարի անց Ադրբեջանը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ պահանջը: Ստրասբուրգի դատարանը 2020-ի մայիսի 26-ին արձանագրեց, որ Բաքուն խախտել է կյանքի իրավունքը, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ) - Նախարարների կոմիտեում որոշում են՝ սովորական հսկողակա՞ն, թե՞ ուժեղացված մեխանիզմով պետք է կատարումը վերահսկվի: Այս դեպքում հաշվի են առել մի շարք գործոններ, գործին տրվել է ուժեղացված վերահսկման գործընթաց:
Եվրադատարանն այս գործով որոշ տեղեկություններ է տրամադրել, բայց բովանդակային քննարկումն, ըստ Սահակյանի, ակնկալվում է աշնանը: Ադրբեջանական կողմի նպատակն է փորձել ձգձգել, գործընկեր երկրների միջոցով օգտագործել քաղաքական ու դիվանագիտական ռեսուրսը և հետաձգել գործընթացը:
Սիրանուշ Սահակյան - Կարծում եմ՝ Բաքվի հնարավորությունները սահմանափակ են, որովհետև, նախ, դատարանն ունի այստեղ արձանագրված փաստեր, և 2-րդ՝ առանձին դրվագներով կարող ենք հարցը հետ ուղղել դատարան, և դատարանը կատարման հետ կապված հարցերում ներգրավվածություն կունենա, դրա համար չեմ կարծում, որ մեծ չարաշահումներ կատարելու հնարավորություն ունի Ադրբեջանը:
2004-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնով սպանել էր ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպային: Հունգարիայի դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության, բայց 2012-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին: Իլհամ Ալիևը ներում շնորհեց և հերոսացրեց կացնահարող մարդասպանին:
Սիրանուշ Սահակյան - Բաքվում պատիժ կրելը կլինի արհեստածին, ձևական, դրա համար պետք է տեղափոխվի այնպիսի երկիր, որտեղ իրապես այլ դատապարտյալներին հավասար հիմունքներով պատիժ կրի:
Սահակյանի խոսքով՝ եթե Նախարարների կոմիտեն այս թեզին չհամաձայնի, տուժողներին առնվազն պետք է տրամադրվեն վճռի կատարման վերահսկման մեխանիզմներ: Հաշվի առնելով նաև ՄԻԵԴ-ի արձանագրած խտրականության առկայությունը՝ միջազգային կառույցները պետք է հետևեն, որ Ադրբեջանը ձեռնարկի հասարակության ներսում հակահայկական քաղաքականության վերացմանը միտված քայլեր: