Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել է Երասխում սահմանային լարվածության վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառմանը. «Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»
«Ֆեյսբուքյան այս գրառմամբ երկու բան էի ցանկանում արտահայտել։ Նախևառաջ, ցանկանում էի նկարագրել մի իրողություն, որը հետևյալն էր` երկուշաբթիից երեքշաբթի գիշերը՝ գիշերը ժամը 2-ին, բոլորն օնլայն էին, ոչ ոք եք չէր քնում, բոլորը անհանգստացած էին Երևանում, Հայաստանում։ Երկրորդ ուղերձը համերաշխության ուղերձն էր։ Ցանկանում էի ինձ հետևող մարդկանց ասել, որ Ֆրանսիան հետևում է սահմանի իրավիճակին։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ Ֆրանսիայի իշխանություններն ամենաբարձր մակարդակով լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը միաժամանակ խորհրդանշական և ռազմավարական վայր է։ Ռազմավարական, քանի որ Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, իսկ խորհրդանշական, քանի որ սա մի վայր է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Այս պահին այնտեղ լարվածություն կա, բայց պետք է հուսանք, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին»,- ասել է դեսպան Լաթոտը։
Հարցին՝ Ֆրանսիան մտադի՞ր է անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցություն առաջարկել Հայաստանին, նա նշել. Է. «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։
Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»։
Նա մեկնաբանել է, թե ինչու պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և այսօր էլ Ֆրանսիան շարունակում է դիվանագիտական, քաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ «Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի քայլերի հիմքում, իհարկե, մեր երկու երկրների միջև հատուկ հարաբերություններն են։ Բայց դա նաև պայմանավորված է որոշ սկզբունքներով, որոնց Ֆրանսիան շատ հավատարիմ է։ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, պայքարում է մի աշխարհի համար, որտեղ հակամարտություններն ուժով չեն լուծվում։ Ֆրանսիան հավատում է մի աշխարհի, որտեղ բնակիչները կարող են մնալ իրենց տարածքներում։ Եվ Ֆրանսիան հավատում է հակամարտությունների բանակցված լուծումներին։ Այս հակամարտությունից բխում են մի շարք խնդիրներ, որոնց Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս` ուժի չկիրառում, մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանություն, զենքերի որոշ տեսակների կիրառման բացառում։ Այս բոլոր խնդիրների ամբողջությունն է, որով բացատրվում է Ֆրանսիայի ներգրավվածությունն այս հարցում»,- նշել է նա։