Հնագետներին անակնկալի է բերել Տավուշ ամրոցի միջնաբերդի գագաթին հայտնաբերված միջնադարյան խաչքարը:
Տիգրան Ալեքսանյան (Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող) - Բավական յուրօրինակ, ինքնատիպ խաչքար է՝ փոքր չափերով, բնորոշ 12-13-րդ դարերին:
Սպիտակ քարից հյուսված այս խաչքարը բերդի միջնաբերդում պեղված միակ գտածոն չէ: Քարե այս իրերը միջնադարյան Տավուշի կյանքի ու կենցաղի մասին են, գրավոր վկայությունները նյութական փաստերով են հիմնավորվում:
Հարություն Բադալյան (Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող) - Սա շատ հնարավոր ա հացահատիկը աղալու տեղ է, կողքը հաց են թխել, թոնիր կա, վառարան, տնտեսական հատված է:
Հնագետների խումբը մեկ տարվա դադարից հետո նորից ամրոցի միջնաբերդում է՝ փնտրում է միջնադարյան ամրոցի մուտքը, դարերի փոշու տակ փնտրում պատմության մութ էջերի ելքը:
Տիգրան Ալեքսանյան - Հիմա տեսեք՝ էս մասում ունենք տարբեր շինարարական հորիզոններ՝ կրասվաղով արված հատակ է, այնուհետև ևս մեկ շերտ, և ինչքան խորանանք, էնքան ավելի վաղ փուլերն ենք բացելու:
Ավելի վաղ փուլերի Բերդի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, հայտնի առաջին հիշատակումը ուղիղ 1100 տարի առաջ է՝ 921-ին: Հովհաննես Դրասխանակերտցին պատմում է Բագրատունյաց Հայաստանի ներքին անդորրը խախտած Տավուշ գավառի կառավարիչ Ցլիկ Ամրամի ապստամբության մասին, պնդումները, թե բերդը պատկանել է Ամրամին, հերքում է պատմաբան Շահնազարյանը:
Արտաշես Շահնազարյան (ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի վարիչ) - Այդ պնդմանը ես չեմ դեմ, պատմությունն է դեմ: Թյուրիմացության հիմք է «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը, Ցլիկ Ամրամը եղել է նշանակված կառավարիչ: Բերդը 10-13-րդ դարերում եղել է հայոց նշանավոր բերդերից մեկը, մեծ դեր է խաղացել այս տարածաշրջանի պաշտպանության գործում և ավերվել է 1236-ին մոնղոլների կողմից:
Դարերի պատմությունը պահելու, սերունդներին փոխանցելու համար հնագետները անհրաժեշտ են համարում պեղումներին զուգահեռ բերդի ամրակայման աշխատանքներին ուշադրություն դարձնել:
Արթուր Երկանյան (Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն) - Մենք պարտավոր ենք նրա ներկա ամրությունը պահպանել, որպեսզի սերունդները նախկին տեսքով ունենան այս բերդը, և ո՛չ տնտեսական, ո՛չ ֆինանսական խնդիրները չպետք է խանգարեն:
Պեղումները Բերդում կշարունակվեն մինչև օգոստոսի վերջը, հնագետները խոստանում են անակնկալներ բացահայտել. միջնադարյան հայտնի ամրոցը կարող է դառնալ բերդաքաղաքի ու Հայաստանի զբոսաշրջային գրավչություններից ևս մեկը: