Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց՝ Կառավարության նիստի սկզբում խոսելով ՍԴ հուլիսի 17-ի որոշումից, հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը: Այս գնահատականի ֆոնին նա հիշեցրեց նախկին փորձը, երբ հենց ընտրության արդյունքում էր հասունանում ներքաղաքական ճգնաժամը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Եվս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, և ընտրության վերջնական արդյունքը արտահայտում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:
Փաշինյանի խոսքով՝ այն, որ արտահերթն անցել է մրցակցային, ազատ, քարոզարշավի հնարավորություններն էլ եղել են հավասար, փաստել են նաև միջազգային դիտորդական առաքելությունները: Իսկ բարձր դատարանը, որն անփոփոխ թողեց ընտրության արդյունքները, իր որոշման մեջ մի քանի կարևոր շեշտադրում է արել: Դրանցից նա առանձնացրեց ատելության խոսքին վերաբերող հատվածը: Կարևորելով վարչապետի ու քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը՝ դատարանը գտել է, որ նրանք գործուն միջոցներ պետք է ձեռնարկեն՝ քաղաքական խոսքում ատելությունը, բռնությունը, վիրավորանքը բացառելու համար: Նախընտրական քարոզչության ժամանակ ընդունելի է սուր քննադատությունը, բայց ոչ ատելության խոսքը, ընդգծել է ՍԴ-ն ու նկատել՝ այս հարցում մեծ դերակատարում ունեն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժեր:
Նիկոլ Փաշինյան - «Քաղաքացիական պայմանագիրը» Ազգային ժողովում և Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի, հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության և զարգացման, մենք վճռական ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունները կատարելու գործում և պատրաստ ենք համատեղ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդանական ուժերի հետ:
Փաշինյանը նկատեց՝ արտախորհրդարանական ուժերի հետ գործակցությունն այս օրերին ինստիտուցիոնալ տեսք է ստանում: Շնորհավորելով խորհրդարան անցած երկու դաշինքներին էլ՝ վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ նոր՝ 8-րդ գումարման ԱԺ-ն կազմված է լինելու 107 պատգամավորից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ունենալու է 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ:
Սահմանի մասին. ըստ Փաշինյանի՝ ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում շարունակում է լարված մնալ: Ադրբեջանի սադրիչ քայլերը և տարածքային նկրտումները նոր սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար: Այս համատեքստում նա կարևորեց Ռուսաստանի առանցքային դերը տարածաշրջանում կայունությունը և անվտանգությունն ապահովելու գործում։
Նիկոլ Փաշինյան - Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Միևնույն ժամանակ, շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և Հայաստանի ապաշրջափակման մասով:
Հայաստանը շարունակելու է աշխատանքը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ՝ ակնկալիքով, որ հասնելու է կոնկրետ արդյունքների, շեշտեց Փաշինյանը: Նա նորից հիշեցրեց Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին ու ակնկալեց, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի իր ստանձնած գրավոր պարտավորությունը: Ինչ վերաբերում է մայիսի 12-ից մեր երկրի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերին, ապա, Փաշինյանի գնահատմամբ՝ այդ փաստն անընդունելի է:
Նիկոլ Փաշինյան - Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ:
Գործադիրի նիստի սկզբում նաև համաճարակային իրավիճակին անդրադարձ եղավ; Արդեն երկու օր է՝ դրական դեպքերի թիվը հատում է 200-ի սահմանը, ու առողջապահության նախարարության կանխատեսմամբ՝ աճի միտումը շարունակվելու է:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Բուժում ստացողների, ծանր ու ծայրահեղ ծանրերի թվերը նշում եմ, որ ևս մեկ անգամ զգոնության կոչ անեմ, շարունակվում է կորոնավիրուսի համաճարակը:
Ոլորտային փոխնախարարը կոչ արեց պատվաստվել, կոչին միացավ նաև վարչապետի պաշտոնակատարը: Փաշինյանը հղում արեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին, ըստ որոնց կորոնավիրուսը դեռ երկար ուղեկցելու է մարդկությանը, ու դրանից պաշտպանվելու ամենաարդյունվետ մեթոդը պատվաստվելն է:
Նիկոլ Փաշինյան - Մինչև հիմա եղած տվյալներով՝ եղած պատվաստանյութը էֆեկտիվ է բոլոր շատերի նկատմամբ, հիմա ինտենսիվ պիտի շարունակենք պատվաստվել, իսկ փակ տարածքներում դիմակների կրման պրակտիկան պահենք լավ մակարդակի վրա:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ փակ տարածքներում դիմակի կրման կանոնները պետք է պահվեն, որ կառավարությունը ստիպված չլինի գնալ վարչական ներգործության միջոցների: Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ասաց՝ անհրաժեշտ քանակը կա, իսկ նոր դեղաչափեր ներմուծելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: