Զբոսաշրջության պատմության մեջ ամենատևական ճգնաժամը շարունակվում է արդեն երկրորդ տարին:
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ միջազգային զբոսաշրջությունը այս տարվա հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում 85%-ով նվազել է՝ համեմատած վերջին նախահամավարակային տարվա նույն ժամանակահատվածի հետ: Պետք է փաստել, որ սահմանափակումների մեղմացման հանգամանքով պայմանավորված՝ մայիսին գրանցվել է մի փոքր աճի միտում:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում միջազգային զբոսաշրջային հոսքերը 85%-ով ցածր են եղել 2019-ի, 65%-ով՝ 2020-ի մակարդակից,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքեթինգի փորձագետ Գայանե Այվազյանը 1lurer.am-ի հետ զրույցում խոսել է համավարակով պայմանավորված զբոսաշրջության թվերի նվազման մասին.
«Հայաստանում անցած տարվա համեմատ զբոսաշրջային այցելությունները կտրուկ անկում են ապրել: 2020 թ. առաջին եռամսյակի հետ համեմատած, այս տարի գրանցվել է 72% անկում,- նշել է փորձագետը՝ հավելելով,- 2020 թ. ապրիլ-հունիս և հուլիս-օգոստոս ժամանակաշրջանում ՀՀ ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելություններ չեն արձանագրվել»:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության փորձագետների կարծիքով՝ համաշխարհային զբոսաշրջության մակարդակը հնարավոր է վերականգնել 2023 թվականից ոչ շուտ: