Մոսկվան մտահոգված է Երասխի մերձակայքում իրավիճակի սրմամբ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ԶՈւ գնդակոծման, սահմանամերձ Երասխ համայնքի քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ «Լուրերի» հարցին՝ ասաց ռուսական արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Մենք մտահոգությամբ ենք ընկալում ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածության ցանկացած դրսևորում։ Իհարկե, դա խիստ բացասաբար է ազդում տարածաշրջանային իրադրության վրա և չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարգավորմանը, հանգեցնում է չարդարացված կորուստների երկու երկրների բնակչության շրջանում: Ցանկանում եմ ցավակցություն հայտնել զոհված հայ զինծառայողի հարազատներին ու մերձավորներին, ապաքինում մաղթել սահմանային միջադեպերի ընթացքում բոլոր տուժածներին:
Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, որտեղ տեղակայված է ռուս խաղաղապահ զորախումբը՝ նշում է Զախարովան: «Լուրերի» հարցին, որ Ալիևը, կրկին հանդես գալով տարածքային նկրտումներով, խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ռուսական կողմն իր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ:
Մարիա Զախարովա - Սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է իրականացվի միայն քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի հարցով բանակցություններն արագ կմեկնարկեն, պատրաստ է աջակցություն ցուցաբերել: Չափազանց կարևոր է զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից, ուժային մեթոդներից: Պահանջվում է համակարգային, քրտնաջան աշխատանք՝ հանուն փոխընդունելի փոխզիջումների:
Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկու երկրներին իր ունեցած քարտեզագրական տեղեկատվությամբ: Պատրաստվել են մի շարք փաստաթղթեր՝ կառուցողական քննարկումների համար: Կայուն լիցքաթափում կարող է ապահովվել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման անհապաղ գործարկումը՝ հետագա սահմանազատմամբ։ «Այդ թեմայի շուրջ շփումները շարունակվում են արտաքին քաղաքական, պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների գծով»,- ասաց Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ադրբեջանը, շարունակելով խախտել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները, հրաժարվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան միջանցք տրամադրել: «Լուրերի» հարցին ռուսական կողմը պատասխանում է՝ տարածաշրջանային կայունության խնդիրն ուշադրության կենտրոնում է եղել Վլադիմիր Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում: Երեք երկրների առաջնորդները, չնայած խնդիրների բարդությանն ու մասշտաբայնությանը, հաստատել են համատեղ գործունեությունը շարունակելու վճռականությունը՝ լուծումների օպտիմալ տարբերակներ գտնելու նպատակով: Նրանք հանձնառություն են հայտնել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունների համապարփակ և հետևողական կատարման վերաբերյալ։ Զախարովան հավելեց, որ եռակողմ աշխատանքային խումբը բովանդակային քննարկումների մի քանի փուլ է անցկացրել: Նա հույս հայտնեց, որ շուտով այն կվերսկսի նիստերը։
Մարիա Զախարովա - Մեր տեսանկյունից՝ դա թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, իսկ դա լիովին համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի շահերին:
Ռուսական կողմը շարունակում է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության և խաղաղ կյանքի պահպանման, հումանիտար հարցերի կարգավորման, այդ թվում՝ գերիների, փախստականների վերադարձի, զոհվածների մարմինների փոխանակման գործում: Մոսկվան շարունակում է աշխատել ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունների մուտքը տարածաշրջան ապահովելու ուղղությամբ՝ ասաց Մարիա Զախարովան: