Արցախում մեկնարկել է պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արդեն մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը: Տվյալ ծրագրի շրջանակներում այս ընթացքում արդեն տրամադրվել է 52 ավտոմեքենայի վնասի դիմաց աջակցություն (մի մասը՝ լրիվությամբ՝ բռնազավթված տարածքներում մնացած, մյուս մասը՝ մասնակի՝ արկերի պայթյուններից վնասված):
Այս պահին պետական հանձնաժողովը տարբեր գույքային կորուստների դիմաց ընդունել է ավելի քան 3900 դիմում: Իմ հանձնարարությամբ՝ բոլոր դիմումները կենթարկվեն պատշաճ ուսումնասիրության ու քննարկման, և, ըստ կարգի, մեր բոլոր քաղաքացիները կստանան համապատասխան աջակցություն:
Ծրագրի թափանցիկությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով կհրապարակվեն նաև բոլոր շահառուների անուն, ազգանուններն ու ստացած աջակցության չափը»,- գրել է Արայիկ Հարությունյանը: