Մոտ մեկ ամիս առաջ Եվրամիութան չափանիշներով «կանաչ» գոտում հայտնված Հայաստանն այս պահին կրկին «նարնջագույն» գոտում է: Կորոնավիրուսով հիվանդացողների թիվն աճել է 41 տոկոսով: Բոլոր տարիքային խմբերում կա դեպքերի աճ, 3-5 տարեկանների շրջանում՝ 4 անգամ: Հաջորդ 14 օրերի ընթացում մասնագետները վարակվածների թվի ավելի մեծ աճ են կանխատեսում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետը չի բացառում, որ աշխարհում արդեն մեծ թափով տարածվող «Դելտա» շտամը Հայաստանում նույնպես շրջանառվում է: Սեկվենավորման գործընթացն սկսվել է: Մոտ օրերս հարցի պատասխանն արդեն հստակ կլինի:
Ռոմելլա Աբովյան, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվ. համաճարակաբանության վարչության պետ - Մենք արդեն իսկ իրականացրել ենք գործընթացներ և սպասում ենք պատասխանների՝ հասկանալու համար, թե ինչ շտամեր են շրջանառվում ՀՀ-ում, բայց որպես համաճարակաբան պետք է նշեմ, որ հաշվի առնելով «Դելտա» շտամի տարածվածությունը տարբեր երկրներում և վարակելիության տեմպերը, նաև այն, որ սահմանները բաց են և ունենք տարբեր երկրներից մուտք գործող քաղաքացիներ՝ այդ թվում՝ օտարերկրյա, չի բացառվում, որ ՀՀ-ում այս պահին համաճարակաբանորեն «Դելտա» շտամը շրջանառվում է:
Մարտից Հնդկաստանում ի հայտ եկած՝ կորոնավիրուսի «Դելտա» շտամն ԱՀԿ-ն մայիսին արդեն որպես շատ վտանգավոր գնահատեց: Ի տարբերություն Ուհանում առաջին անգամ հայտնաբերված շտամի՝ սա, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, 2 անգամ ավելի արագ է տարածվում, նաև հիվանդությունն է ավելի ծանր ընթանում:
Ռոմելլա Աբովյան - Դրսևորվում է հարբուխով, գլխացավով և կոկորդի ցավերով: Ինչ վերաբերում է երկրներում տարածվածությանը, ապա ԱՄՆ-ում թեստերի 20 տոկոսը կազմում է «Դելտա» շտամը, Մեծ Բրիտանիայում շատ ավելի բարձր է ցուցանիշը՝ մոտ 90 տոկոս:
Յուրաքանչյուր օր աշխարհում «Դելտա» շտամով պայմանավորված դեպքերի թիվն ավելանում է: Արդեն գոյություն ունի նաև «Դելտա» շտամի մուտացված տարբերակը՝ «Դելտա+»-ը, որն այս պահի տվյալներով՝ ավելի թեթև վիրուս է, քան ինքը՝ «Դելտան»: Ի դեպ՝ արդեն շրջանառվում է նաև կորոնավիրուսի բոլորովին նոր շտամի անուն՝ «Լյամբդա»: