«Սովորիր խաղալով, խաղա սովորելով» հայկական Sololearn ստարտափը ստացել է 24 մլն դոլարի ներդրում: Ներդրողները միջազգային վենչուրային երեք հիմնադրամ է: Sololearn-ը բջջային հավելված է, որ սովորեցնում է ծրագրավորում հատուկ խաղերի օգնությամբ։ Ի դեպ՝ անվճար:
Եվա Հյուսյան (Sololearn ընկերության հիմնադիր) - Մեզ համար էլ պահը հասունացել էր և խոսեցինք տարբեր ներդրողների հետ և հիմնականում DriveCapital-ի հետ:
Ստարտափը մեծացնում է իր աշխարհագրությունը, այս անգամ փնտրում են ոչ թե ներդրողների, այլ աշխատակիցների:
Եվա Հյուսյան - Մենք հիմա երկու տեղ գրասենյակ ունենք՝ Հայաստանում և ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում: Հայաստանում մոտ 100 հոգի աշխատող ունենք և ընդլայնելու ենք Հայաստանի գրասենյակը:
Ծրագրավորման մասին ոչ մի պատկերացում չունեցող օգտատերը կարող է զրոյից ծրագրավորում սովորել SoloLearn-ի օգնությամբ։ Դասերը բաղկացած են ինտերակտիվ հարցերից և պրակտիկ վարժություններից:
Եվա Հյուսյան - Մենք 21 մլն օգտատեր ունենք, մոտ 35 մլն ներբեռնում: Մեր օգտատերերը աշխարհի բոլոր երկրներից են՝ ԱՄՆ, Հնդկաստան, նաև շատ օգտատերեր ունենք Ռուսաստանում, եվրոպական շատ երկրներում:
Այս հաջողությունները գրանցել են 7 տարվա ընթացքում, ընկերությունը հիմնադրվել է 2014-ին: Մեկ տարի անց ճանաչվել է Սիլիկոնյան հովտի մինչև 10 մլն դոլարի ներդրումով ամենաարագ զարգացող 10 ընկերություններից մեկը:
Հեղինակ՝ Սարգիս Խաչատրյան