Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հորդորում է արտերկրում աշխատող մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք: Վստահեցնում է՝ Հայաստանում առանց դժվարության հնարավոր է աշխատանք գտնել: Իսկ Ֆեյսբուքում արած գրառումը, Քերոբյանի խոսքով՝ ընդամենը կատակ է: Քննադատության արժանացած գրառման մեջ պաշտոնյան կոչ էր արել խոպան գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու համար
Վահան Քերոբյան (Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) -
Դա կատակ է եղել իհարկե, բայց իմ կոչով փորձել եմ ընդգծել, որ այն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ Հայաստանում կկարողանան լավ աշխատեղեր ճարել:
Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ամիս հրապարակում է առցանց աշխատաշուկայի հայտարարությունների մասին վերլուծություն: Այս պահին համացանցում կան ամենաշատ աշխատանքի հայտարարությունները տարբեր ոլորտների վերաբերյալ: Աշխատանքի սուր պահանջարկ կա հատկապես շինարարության, գյուղատնտեսության, ՏՏ, մշակող արդյունաբերության, տաքսի ծառայության ոլորտներում։ Քերոբյանն ասում է՝ գյուղերում անգամ հովիվների պակաս կա:
Վահան Քերոբյան - Օրինակ՝ Սևանում հիմա կա մի շատ լավ ֆերմային ոչխարաբուծարան, և իրենք չեն կարողանում հովիվ ճարել ամիսը 200 հազար դրամով, Տաջիկստանից կամ ուրիշ երկրներից են բերում այն մարդկանց, ովքեր իրենց մոտ կաշխատեն:
Աշխատաշուկայի խնդիրներից բացի, լրագրողները փորձեցին մանրամասներ պարզել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ թատրոնների միավորման նախաձեռնությունից: Կառավարության նիստից հետո ոլորտի պատասխանատու նախարարը շեշտեց՝ այդ գաղափարը տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության շրջանակում:
Վահրամ Դումանյան (ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար) - Դա ինքնանպատակ չէ, մանրակրկիտ քննարկվել է, և միայն Կամերային կամ Պարոնյանի անվան թատրոններով չէ հարցը դիտարկվում։ Մենք ունենք այլ կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ, և ավելի լավ պայմաններ ենք առաջարկում իրենց:
Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ միավորելու նախարարության նախաձեռնությանը երաժշտական թատրոնը դեմ է: Հայտարարում են, թե միավորման հետևանքով թատրոնը մեծ վնասներ կկրի, հիմնավորումներն էլ որակում են անհեթեթ: Դումանյանը մինչդեռ պնդում է՝ որոշումը բխում է հենց նրանց շահերից:
Վահրամ Դումանյան - Ընդհանրապես, իրավիճակներ են լինում, երբ միավորումները փրկություն են: Մեր տեսակետն այն է, որ այս քայլն այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է և բխում է ոլորտի շահերից: Որևէ կրճատում չի լինի:
Թատրոնի շենքը միավորումից հետո կառավարությունը մտադիր է տրամադրել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: