44-օրյա պատերազմից հետո Արցախի 124 դպրոցի մատյաններն անհետացել են կամ մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Մի քանի հարյուր աշակերտի համար հաջորդ դասարան փոխադրվելու ու դպրոցն ավարտելու առումով դժվարություններ էին առաջացել: Արցախի կրթական գերատեսչությանն օգնության է հասել «Դասարան» կրթական ծրագիրը:
Սուրեն Ալոյան, «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ - Մենք կարողացանք բոլորը վերականգնել, թվով, մոտավորապես, 236 հազար 221 գնահատական վերականգնվել է՝ 2-8-րդ դասարանի և 10-11-րդ դասարանցիների համար:
Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանի խոսքով՝ էլեկտրոնային գնահատականների ստացման միջոցով խնդիրը լուծվել է ոչ ամբողջությամբ, բայց մեծամասամբ:
Միքայել Համբարձումյան, Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Ոչ բոլոր դպրոցներն են եղել ընդգրկված Dasaran.am ծրագրի կայքում: Այն դպրոցները, որոնք ընդգրկված էին և լրացնում էին պատշաճ, պահպանվել են: Շրջաններ կան, որտեղ համացանցի բացակայության հետ կապված հնարավոր չի եղել ընդհանրապես գրանցվել Dasaran.am կայքում:
«Դասարան» կրթական ծրագրին պատերազմից հետո դիմում են նաև Հայաստանի դպրոցները: Ծրագրի՝ դպրոցների համակարգող Սյուզաննա Ալեքսանյանը նշում է՝ խնդիրը կապված է ուսումն այստեղ շարունակել ցանկացող արցախցի երեխաների փոխադրման հետ:
Սյուզաննա Ալեքսանյան, «Դասարան» կրթական ծրագրի դպրոցների համակարգող - Աշակերտները, որոնք Արցախից տեղափոխվել են Հայաստանի դպրոցներ, կրկին ունեն խնդիրներ՝ ամփոփիչ գնահատականների հետ կապված: Անհատապես ևս դիմում են, տրամադրում ենք, որպեսզի աշակերտները խնդիր չունենան:
Կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը խոստովանում է՝ 12 տարի առաջ էլ պատկերացնում էր՝ նոր ստեղծվող հարթակում տվյալների հավաքագրումը մեծ օգուտ է տալու կրթական համակարգին:
Սուրեն Ալոյան - Հասկանում էինք, որ տվյալների հավաքագրումը, պահպանումը միշտ կարող է պետք գալ՝ բազմաթիվ առումներով: Ոչ միայն տվյալների ֆիզիկական անհետացման, այլև այդ տվյալների վերլուծության, արագ հասանելիության: Նախկինում որևէ տվյալ ստանալու համար կրթության նախարարությանն ամիսներ կամ գուցե տարի պետք լիներ, մինչև ամբողջ թղթաբանական համակարգի միջոցով տվյալներ հավաքագրեին:
44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողության տակ է մնացել 217 դպրոցից 108-ը, որոնցից 3-ն այս պահին չեն գործում՝ շփման գծին շատ մոտ լինելու և մասնագետների պակասի պատճառով: