ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության թղթակից Մերի Եգորյանի հարցերին.
«Հուլիսի 14-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին՝ Երասխի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամեն օր տարբեր սադրիչ գործողությունների են դիմում՝ կրակ բացելով հայկական դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող և վիրավորում է ստացել Երասխի համայնքապետը: Պատերազմից հետո առաջին անգամ օգտագործվել են ականանետներ»:
Երկրորդ հարցը վերաբերել է Ադրբեջանի նախագահի՝ Սյունիքի, Սևանի ու Երևանի հանդեպ տարածքային հավակնություններին: «Լուրերը» հետաքրքրվել է այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքով:
Երրորդ հարցը վերաբերել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությանը, որ Բաքուն խոչընդոտում է եռակողմ հայտարարությամբ սահմանված տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը:
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդհանուր մեկնաբանություն է տվել բոլոր հարցերին:
«Ռուսաստանը, որը սերտ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, որտեղ տեղակայված է մեր խաղաղապահ զորակազմը: Ռուսական կողմը շարունակում է զգալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության հաստատման, ինչպես նաև հումանիտար, ներառյալ՝ ռազմագերիների, փախստականների վերադարձի, զոհվածների աճյունների փոխանակման հարցերում: Նպաստում ենք Երևանի ու Բաքվի միջև փոխվստահության հաստատմանը, շարունակում ենք ապահովել տարածաշրջան ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունների մուտքը:
Իհարկե, մտահոգված ենք Հայաստանի ու Ադրբեջանի առանձին հատվածներում լարվածության ցանկացած սրացմամբ: Դրանք խիստ բացասաբար են անդրադառնում տարածաշրջանային իրավիճակին և չեն նպաստում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության հաստատմանը: Նման միջադեպերը հանգեցնում են բնակիչների շրջանում չարդարացված կորուստների: Հայ զինծառայողի մահվան կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում նրա հարազատներին, բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մեր դիրքորոշումը լավ հայտնի է: Սահմանային միջադեպերը պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական ու դիվանագիտական միջոցներով: Խիստ կարևոր է ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, ուժային մեթոդներից:
Պահանջվում է համակարգված աշխատանք՝ հանուն երկուստեք ընդունելի զիջումների որոնման: Համոզված ենք, որ կայուն լիցքաթափում կարող է ապահովել միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքի շուտափույթ մեկնարկը: Այդ ջանքերը պատրաստ ենք ամրապնդել մեր քարտեզագրական տեղեկատվությամբ: Ռուսական կողմը մի շարք փաստաթղթեր է պատրաստել, որոնք կարող են քննարկումը տեղափոխել կառուցողական դաշտ: Ներկայում այս թեմայով շփումները շարունակվում են երեք երկրների արտաքին քաղաքական ու պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների հետ:
Տարածաշրջանային կայունության թեման ուշադրության կենտրոնում է եղել ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հանդիպման, ինչպես նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգում: Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները հաստատել են իրենց վճռականությունը շարունակելու գործակցությունը, որի նպատակն է լուծման օպտիմալ տարբերակներ գտնելը: Գոհունակությամբ ենք նշում, որ երեք երկրների փոխվարչապետների ղեկավարմամբ աշխատանքային խմբերը մի շարք բովանդակալից քննարկումներ են ունեցել»,- հայտարարել է Մարիա Զախարովան: