Գյումրիում սպասվող նոր՝ խոշոր ներդրման մասին առաջինը հայտարարեց Սուրեն Պապիկյանը Գյումրի կատարած վերջին այցի ժամանակ՝ հուլիսի 13-ին։
Սուրեն Պապիկյան, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար - Մենք դեռ աշխատանք ունենք Գյումրիում, երբ սկսվի «Սլաբոդկայի» ծրագիրը։ Դա նոր ծրագիր է, առայժմ փաստաթղթավորման փուլում է, առաջիկայում կմեկնարկի շինարարությունը:
Երեկ արդեն Պապիկյանը հրապարակեց ծրագրի մանրամասները։ 4 միլիարդ 300 մլն դրամ արժողությամբ նոր ներդրումային ծրագիրն ամբողջացնելու է Գյումրու «Կումայրի» պատմական միջուկի պատկերը։ Այն կիրականացվի ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։
Ծրագրի նախապատրաստական փուլը երկար է տևել: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, որ այս ծրագրի շուրջ ավելի քան երկու տարի աշխատում են։ Կարևորը, որ նախապես կլուծվեն կոմունիկացիոն բոլոր խնդիրները, կոմունալ նոր համակարգ, էլեկտրասնուցման նոր ցանց կկառուցվի, ապա կասֆալտապատեն ու կտեղադրեն նոր խնայողական լամպեր։
«Սլոբոդկայի» կառուցումն Աբովյան, Ռուսթավելի, Շիրազի փողոցների վերանորոգման տրամաբանությամբ է՝ ասֆալտապատում և մանրաքարեր։ «Սլոբոդկա» թաղամասի վերակառուցման ծրագրի իրագործումից հետո, Գյումրիի պատկերն էականորեն կփոխվի, այն գլխավորապես միտված է քաղաքի զբոսաշրջային ներուժի զարգացմանը։
Կենտրոնական՝ Վարդանանց հրապարակը, որը միացնում է «Սլոբոդկա» թաղամասը քաղաքի վերանորոգված հատվածներին, հիմնանորոգվում է սուբվենցիոն ծրագրով։ Մյուս տարի նաև կենտրոնական հրապարակի շատրվանների արդիականացում է նախատեսվում։
«Սլոբոդկա» ծրագրի բաղկացուցիչ է նաև Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստումը, Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնումը։