Ճանապարհաշինությունն առաջիկայում թափ կհավաքի․ հիմնանորոգելու է մոտ 51 կմ երկարությամբ միջպետական, հանրապետական ու մարզային երթուղի: Գործադիրը հերթական նիստում հաստատեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած փաթեթը։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Խոսքը Երևան-Երասխ-Գորիս Մեղրիի սահման ավտոճանապարհի 108 + 400 կմ ճանապարհի նորոգման մասին է: Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի ճանապարհ, Սևան-Գետաշեն, մոտեցում Խոր Վիրապին:
Փաշինյանը նկատեց՝ ասֆալտապատման որակը նկատելի լավացել է, բայց գործը ցանկալի ստանդարտի ու մասշտաբների դեռ չի հասել։ Փորձնական ծրագրով այս տարի խոշոր լոտեր են մրցույթի դրել, ինչի արդյունքում կոնկրետ մի դեպքում, օրինակ` բյուջեն խնայել է 1,8 մլրդ դրամ, զեկուցեց Սուրեն Պապիկյանը։ Բայց, ասաց՝ առավելության հետ խնդրի են բախվում։
Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար) - Շատ մասնակիցներ չեն լինում: Մի ընկերությունը չի կարողանում միաժամանակ տարբեր հատվածներում սկսել աշխատանքը:
Քննարկումն ավարտվեց եզրակացությամբ․ կամ շինարարական տեղի կազմակերպությունները պետք է հզորանան, կամ Հայաստանը նաև միջազգային, հատկապես սփյուռքի մեր հայրենակիցների ընկերություններին է հրավիրելու այստեղ աշխատեն, որովհետև ճանապարհ թե դպրոց-մանկապարտեզ կառուցելու ծրագրերն առաջիկա տարիներին շատ են լինելու։
Օրակարգային մեկ այլ նախագծով լրացվում է բիզնեսի համար կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող առաջին ծրագիրը։ Այդ փաթեթով 1030 տնտեսվարող արդեն իսկ 95 մլրդ դրամից ավելի սուբսիդավորվող վարկ է վերցրել։ Ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տվել՝ նրանց մի մասը ֆինանսապես չի վերականգնվել, ու 22 մլրդ-ի միայն հարկային պարտք ունեն կուտակած։ Այնպես որ, աջակցության կարիք դեռ կա:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - Առաջինը մենք թույլ ենք տալիս էս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզի կառուցապատողները, երկրորդը՝ պահպանում ենք սարքավորումների կտորը։ Երրորդը՝ առաջին ծրագրի տրամաբանությունը փոխում ենք այնպես, որ էս ծրագրի շահառու դառնան էն տնտեսվարողները, ովքեր դեռ չեն վերականգնվել կորոնավիրուսի ու պատերազմի առաջ բերած խնդիրներից:
Ավելացվել է նաև ընդհանուր գումարի չափը՝ 250 մլն-ից հասնելով 1 մլրդ-ի։ Ընդ որում, եթե նախնական տարբերակով պետությունը վարկը սուբսիդավորում էր 4 և ավելի տոկոսով, ապա օգոստոսի 1-ից ամբողջությամբ անտոկոս է սարքում դրա առաջին տարին։ Քերոբյանի ձևակերպմամբ՝ բիզնեսին 12 ամիս թթվածին տվող այս փոփոխություններից օգտվելու նախապայման կա։
Վահան Քերոբյան - Ընկերությունները պետք է 90-օրյա ժամկետում դառնան բաժնետիրական ընկերություններ ու ներդնեն կորպորատիվ կառավարման սկզբունքները՝ փակից դառնան բաց:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Խոսքը նրա մասին է, որ սեփականատերն ինքը, ապագային հավատալով, ներդրում ա կատարում, որի պարագայում մենք սուբսիդավորման չափն էլ ավելի մեծացնում ենք:
Օրակարգից դուրս՝ նախարարական կաբինետը լսեց աշխատատեղերի ավելացման այս անգամ էլ՝ հունիսի ռեկորդային վիճակագրությունը։
Էդվարդ Հովհաննիսյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Գրանցված վարձատրվող աշխատատեղերի քանակի աճը կազմել է շուրջ 643 հազար, սա նախադեպը չունեցող ցուցանիշ է, այս աշխատատեղերին վճարված եկամուտը ևս բարձի է՝ 139 մլրդ դրամ։ Եկամտային հարկի մասով, առաջին անգամ, այս ցուցանիշը հասել է 30 մլրդ-ի:
Գանձվող եկամտահարկը ավելացել է այն դեպքում, երբ տարվա սկզբից դրա դրույքաչափն իջեցվեց, ու շատերը քննադատում էին, թե դա կազդի հավաքվող հարկերի վրա։ Բայց բարեփոխումն արդարացրեց իրեն, հայտարարեց Փաշինյանը։ Ներկաների ուշադրությունը հրավիրեց գործող արտոնությունները չարաշահողների վրա․ օրինակ՝ երբ 100 մլն շրջանառություն ունեցող բիզնեսը չորս մասի է բաժանվում, որ օգտվի միկրոձեռնարկատերերին առաջարկված նպաստավոր պայմաններից։
Նիկոլ Փաշինյան - Մենք պետք է այս թեմային անդրադառնանք ու թույլ չտանք չարաշահում, ունենք մշակած նախագիծ:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Բացի տրոհումից, մենք մի այլ բան էլ ենք արձանագրել, որ իրական աշխատատեղերը փոխարինվում են ինքնազբաղվածով, որը նույնպես անթույլատրելի ա:
Որոշեցին թեմային առաջիկայում անդրադառնալ։ Ասացին՝ ճշգրտումներ կանեն։