Այն ինչ անհայտ էր, հիմա դարձել է նոր ուղղության հայտնի բանաձև: Տիգրան Սեդրակյանը 20 տարուց ավելի ուսումնասիրում է քվանտային ֆիզիկա՝ հետազոտելով ցածր ջերմաստիճաններ, փոքր հեռավորություններ: Այս ուղղությունն ուսումնասիրում է քվանտա-դաշտային համակարգերը և դրանց շարժման օրենքները։ Տեսաբանի աշխատության առանցքում քվանտային համակարգի երեք չուսումնասիրված ուղղություններն են:
Առաջինը քաոտիկ համակարգն է. նոր բացահայտված ուղղություն՝ քիչ տվյալներով: Այս համակարգում ֆիզիկայից հայտնի նյութի պինդ, հեղուկ և գազային վիճակները հայտնվում են բոլորովին այլ իրավիճակներում: Տիգրան Սեդրակյանը փորձով ապացուցել է՝ հետազոտվող նյութն առաջին անգամ տալիս է տվյալներ, նույն փորձը քվանտային տիրույթում՝ բոլորովին այլ ցուցանիշներ: Պնդում է՝ հենց այս հակասության մեջ է թաքնված քվանտային դաշտի անհայտը:
Հաջորդ ուղությունը քվանտային ինֆորմացիայի պահպանումն է՝ աշխարհն այդ ճանապարհով է շարժվում, Հայաստանը նոր է սկսում: Հստակ խնդիր է ձևակերպված՝ նպաստել ինֆորմացիայի առանց կորուստների տարածմանը: Ներկա փուլում ինֆորմացիան համակարգչում պահվում է զրոների և մեկերի միջոցով: Տիգրանը մշակում է նոր մոդել՝ ցածր ջերմաստիճաններում նյութի շուրջ հոսանք է պտտվում՝ երբեմն ժամացույցի սլաքի ուղղությամբ, երբեմն՝ հակառակ: Ունենալով այդ երկու հնարավորությունները՝ կարելի է նոր ինֆորմացիա գրանցել: Սա ճանապարհ է ինֆորմացիան անվտանգ պահելու՝ անկախ արտաքին ազդակներից:
Ֆիզիկոսի երրորդ ուղղությունը քվանտային նյութագիտությունն է՝ հատկապես մագնիսական դաշտերում: Քվանտային ուղղությունները Տիգրանն սկսել է հետազոտել 2000-ականներից՝ ֆիզիկայի ինստիտուտում՝ ատենախոսության տարիներին: Խորքային լուծումներ էր փնտրում մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառում, հետո որոշեց համադրել դրանք, ստացավ բոլորովին անհայտ տվյալներ, ինչն էլ դարձավ հիմք՝ զարգացնելու քվանտային ֆիզիկան:
Գիտության մեջ նոր օրակարգ բերելու համար երեք տարի Իտալիայում, հետո Միացյալ Նահանգներում ապացուցեց իր առաջ քաշած թեզերը: Արդյունաբերության զարգացման հիմքը գիտությունն է: Խնդիր էր դրել՝ պետք է գալ Հայաստան, տեղում նպաստել ոլորտի զարգացմանը: Ամեն տարի մի քանի ամսով գալիս և կիրառում քվանտային տեսությունը:
Տիգրան Սեդրակյանը հիմա մտածում է վերջնական Հայաստան տեղափոխվելու մասին: Միջազգային բազմաթիվ կենտրոններում է եղել, շատ հայերի հանդիպել: Մտադիր է ստեղծել մեկ ընդհանուր հարթակ՝ հավաքել բոլոր հայկական մտքերը, բերել և Հայաստանում իրագործել այդ գաղափարները: