Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարը չի բացառել վերջին րոպեին խաղերի բացման արարողության չեղարկումը: Կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճով պայմանավորված՝ Տոշիրո Մուտոն ասել է, որ հետևելու է դեպքերի աճի թվին և անհրաժեշտության դեպքում կքննարկի չեղարկման հարցը:
Վերջին 24 ժամվա ընթացքում Օլիմպիական խաղերի հավատարմագրում ունեցողների շրջանում գրանցվել է ևս 10 դրական դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 68-ի:
«Մենք պայմանավորվել ենք, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից ելնելով՝ նորից հնգակողմ բանակցություններ կհրավիրենք։ Այս պահին կորոնավիրուսով հիվանդացությունը կարող է աճել կամ նվազել, ուստի կմտածենք, թե ինչ պետք է անենք, երբ նման իրավիճակ առաջանա»,- ասել է Մուտոն:
Տոկիո 2020-ի ներկայացուցիչն ավելի ուշ հայտարարել է, որ կազմակերպիչները «100 տոկոսով կենտրոնացած են հաջող խաղերի անցկացման վրա»:
Տոկիո 2020-ի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 23-ին: