Հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը Վրաստանում կանցկացվեն Agile Spirit 2021 միջազգային զորավարժությունները, որոնք ներառում են հրամանատարաշտաբային դասընթացներ, դաշտային վարժանքներ և մարտական հրաձգության հմտությունների կատարելագործում՝ հաղորդում է ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարության կայքը:
Բացի Վրաստանից և ԱՄՆ-ից՝ զորավարժանքին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրի և դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ: Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կներգրավվի ավելի քան 2,5 հազար զինվորական:
Ավելի վաղ Ուկրաինայում սկսվել էին «Երեք սուր-2021» ցամաքային զորավարժությունները՝ Լիտվայից, Լեհաստանից և ԱՄՆ-ից ժամանած ռազմական անձնակազմի մասնակցությամբ: Մինչև հուլիսի 30-ը դրանք կանցկացվեն Լվովի մարզում, կընդգրկեն ավելի քան 1200 զինվորական և 200-ից ավելի մարտական մեքենա՝ ՆԱՏՕ-ի երկրներից: Մարտին էլ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ մշտական ռազմածովային ստորաբաժանման նավերը վրացական առափնյա պահպանության նավերի հետ վարժանքներ անցկացրին Սև ծովում: Նրանց նպատակն էր բարձրացնել ռազմածովային ստորաբաժանումների համատեղելիության մակարդակը: