Կրթական գերատեսչությունը հուլիսի 22-ից կմեկնարկի սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասերը: Այս անգամ կրկին առցանց ձևաչափով: Հայտերի ընդունման փուլն արդեն ավարտվել է: Մեկամսյա դասընթացներին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների հայկական գաղթօջախներում դասավանդող մանկավարժները:
Վերապատրաստումն իրականացվելու է 7 ծրագրով. «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», այս տարի առաջին անգամ վերապատրաստման դասընթացներ կիրականացվեն նաև տնօրենների համար: Մեկ այլ նորարարություն էլ այն է, որ առաջին անգամ խմբերում առանձնացվել են «Հայոց պատմությունն» ու «Հայ մշակույթի պատմությունն ու արվեստը»: Նախկինում սա մեկ ծրագրով էր ներկայացվում:
«Ուսուցում մանկապարտեզում» (120 դ/ժամ)
«Ուսուցում մեկօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
«Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում» (120 դ/ժամ)
«Հայոց լեզվի և գրականության դասավանդում» (120 դ/ժամ)
«Տնօրենների վերապատրաստում» (80 դ/ժամ)
«Հայոց պատմություն» (120 դ/ժամ)
«Հայ մշակույթի պատմություն և արվեստ» (120 դ/ժամ)
Երկրորդ տարին է վերապատրաստման գործը մրցութային կարգով վստահվում է մասնավորի: Նախկինում դա անում էր Կրթության ազգային ինստիտուտը: «Ֆիչըր» կազմակերպությունն այս տարի գործին ներգրավել է 40-ից ավելի վերապատրաստողների՝ կրթության ու գիտության ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք իրենց պրակտիկ գիտելիքներով կիրազեկեն օտարության մեջ հայապահպանությամբ զբաղվող ուսուցիչներին:
Բացի գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելուց, սա սփյուռքահայ ուսուցիչների համար լավ հնարավորություն է, նախարարության հետ կապի մեջ լինելու և կրթական նոր տենդենցներին ծանոթանալու համար:
Այս տարի վերապատրաստման համար նախարարությունը 6.5 միլիոն դրամ է հատկացրել: Այստեղ նկատում են՝ սա հերթական վերապատրաստման ծրագիրը չէ, այլ Հայաստանը սփյուռքին կապող կարևոր օղակ: