Սահմանին իրավիճակը լարող գործողություններով Ադրբեջանը փորձում է վիժեցնել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով նախատեսված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը՝ հայտարարում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և շեշտում՝ Բաքվի գործողությունները պետք է դիտարկել լայն համատեքստում:
Ռուբեն Ռուբինյան, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ - Սա տեղի է ունենում մայիսի 12-ից սկիզբ առած գործընթացից հետո, երբ ադրբեջանական զորամիավորումները խախտեցին ՀՀ սուվերեն տարածքը՝ Ադրբեջանի ղեկավարի կողմից հնչող ակնհայտ ծավալապաշտական հայտարարությունների ֆոնին:
Մայիսի 12-ից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Սյունիքի և Գեղարքունիքի որոշ հատվածներում, իսկ հուլիսի 14-ից իրավիճակը լարված է նաև հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում, հայ զինծառայող է սպանվել: Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությունը տարածվեց հուլիսի 20-ի առավոտյան, երբ պարզ դարձավ, որ մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Երասխի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:
Ռուբեն Ռուբինյան - Մենք թույլ չենք տալու ագրեսիա ՀՀ նկատմամբ: Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային ապաշրջափակմանը կողմ և կողմ ենք կայունության հաստատմանը, իսկ զինված ուժերն այդ հատվածում իրենց խնդիրը կատարում են և կատարելու են:
Մոտ երկու ամիս առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց՝ հունվարի 11-ից հետո ստեղծված ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցով հանձնաժողովի աշխատանքը կանգնած է: Ռուբեն Ռուբինյանը առաջարկում է նախ վերհիշել, թե որտեղից է սկիզբ առել տարածաշրջանային շրջափակումը:
Ռուբեն Ռուբինյան - Դա սկիզբ է առել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմամբ և, բնականաբար, Ադրբեջանը չի ցանկանում ավարտել այդ շրջափակումը և չի ուզում իրագործել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից բխող գործողությունները, բայց պետք է նշել որ, ամբողջ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ռուսաստանը շահագրգռված են այս գործընթացի իրագործմամբ:
Հայկական կողմը, այդուհանդերձ, ակնկալում է, որ Ադրբեջանին չի հաջողվի ձախողել ապաշրջափակման գործընթացը: Իսկ այս ֆոնին Բաքվից ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարությունները, թե պատրաստ են խաղաղության համաձայնագիր ստորագրել, Ռուբեն ռուբինյանը տարօրինակ է համարում:
Ռուբեն Ռուբինյան - Հայաստանը մշտապես կողմ է եղել խաղաղությանը միտված բանակցություններին, նաև Մինսկի խմբի ֆորմատով բանակցություններին: Բաքվից հնչող հայտարարությունները սուտ են, իրականությունը բոլորովին հակառակն է:
Պն-ից էլ հայտնում են՝ Երասխում մեկ շաբաթ տևած լարվածությունը դիրքային որևէ փոփոխության չի հանգեցրել: