ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ԹԵՄԱՆ
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հուլիսի 20-ի հանդիպմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման: Պուտինը հայտարարել է, որ կարևորագույն հարցերից մեկը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորումն է՝ նշելով փոխզիջումային լուծումների կարևորությունը, որոնք ամենադժվարն են:
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ դա մինչև այժմ հաջողվել է: Ադրբեջանի նախագահը ՌԴ ղեկավարին շնորհակալություն է հայտնել հետպատերազմյան շրջանում տարածաշրջանի հիմնահարցին մշտական ուշադրության, շատ կարևոր ու զգայուն հարցերում անձնական մասնակցության համար՝ ուղղված կայունության հաստատմանը, որպեսզի հետպատերազմյան շրջանը հանդարտ անցնի:
ՄԵՆԵՆԴԵՍՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Սենատի լսումների ժամանակ անդրադարձել է Ադրբեջանին տրվող օգնությանը, առաջարկել ընդունել այն կրճատելու վերաբերյալ ուղղումը:
«Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը:
Եվրոպայի և Եվրասիայի հարցերի պետքարտուղարի տեղակալի պաշտոնի թեկնածու Քերըն Դոնֆրայդն ասել է, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ինքն այդ հարցով սերտորեն կգործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: «Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, և որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը»,- ասել է Դոնֆրայդը:
ՄԱԿՐՈՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ՝ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ PEGASUS ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսահամարը Մարոկկոյի հատուկ ծառայությունների կողմից ներառվել է իսրայելական Pegasus համակարգում՝ նրան լրտեսելու համար: OCCRP հետաքննական նախագծի սկանդալային զեկույցը, ըստ որի 10 երկիր, նաև նրանց կառավարությունները գաղտնալսել են լրագրողների, պաշտոնյաների և ընդդիմադիրների, բացահայտում է, որ նախագահ Մակրոնի և վարչապետ Էդուարդ Ֆիլիպի, ինչպես նաև 14 նախարարների հեռախոսահամարները ներառվել են ցուցակում՝ Մարոկկոյի հատուկ ծառայությունների կողմից հնարավոր գաղտնալսման համար:
ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՆԻՍՏ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՐՑՈՎ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր նիստ կանցկացնի Կիպրոսի հարցով: Պատճառը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունն է, ըստ որի Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասը պետք է բացել և բնակեցնել:
Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձևի, Վարոշան, որը գտնվում է կղզու չեզոք գոտում, պետք է անձեռնմխելի մնա մինչև 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը: Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դատապարտում են Էրդողանի և Թաթարի՝ Վարոշայի կարգավիճակը փոխելու միակողմանի որոշումը:
ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է «ԿԱՐՄԻՐ ԳՈՏՈՒՄ»
Վրաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշով համարվել է «կարմիր գոտի»՝ յուրաքանչյուր 100 000 մարդուն ընկնող COVID-19 վարակի դեպքերի հաշվով: Քննարկվում է նոր սահմանափակումների անցնելու հարցը, բայց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեմ է, դրա փոխարեն նա բնակչությանը կոչ է արել պատվաստվել: Թբիլիսիում կորոնավիրուսի հնդկական շտամից մահացել է երկրորդ նորածինը: