Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման գործընթացը լավ է ընթանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է ինչպես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ընդհանուր առմամբ, այս ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում: Գիտեք, որ եռակողմ պայմանավորվածությունները կնքվել են և կյանքի են կոչվում նախագահ Պուտինի ակտիվ մասնակցությամբ: Նա մշտական կապի մեջ է վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ: Այժմ մենք գործ ունենք ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հետ»,- ասել է Պեսկովը:
Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է ողջունել ԵՄ երկրների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրագործմանը: