Դիլիջանի Մոլդովական թաղամասի բնակելի շենքերից այս մեկի շքամուտքն առանձնանում է. Տիգրանն իր արտադրած սալիկներով է նոր ու հաճելի տեսք հաղորդել: Իսկ արտադրամասը նույն շենքի նկուղային հարկի մոտ 20 ք․ մ․ այս տարածքում է: Նեղվածք է, բայց չի նեղվում:
Տիգրան Քոչարյան (Դիլիջանի բնակիչ) - Բետոնե սալիկներ են, ստանում ենք ցեմենտից ու ավազից: Խառնելուց հետո վիբրոսեղանի վրա ֆորմաների մեջ բետոնը լցվում է, սա մի օրից հետո արդեն չորանում է, հետո 2 օր մնում է դրսում, որ ավելի շատ չորանա:
Նախկին գործազուրկը, մասնակցելով զբաղվածության Դիլիջանի տարածքային կենտրոնի «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց ձեռնարկատիրական գործունեության աջակցման ծրագրին», դարձավ ձեռներեց՝ Դիլիջանում առաջինը սկսելով բետոնե սալիկների արտադրություն:
Տիգրան Քոչարյան - Ես ինքս շինարար եմ, Դիլիջանում նման արտադրություն չկար, պահանջարկը կա, քաղաքում քոթեջային շինարարություն է գնում, օրական միջինը 10 ք․ մ․ սալիկ ենք արտադրում, ըստ պահանջարկի, ըստ գույների:
Դիլիջան համայնքում սա միակ հաջողված օրինակը չէ: Մինչև այժմ գործազուրկների համար 10-ից ավելի ծրագիր է իրագործվել, աջակցման առավելագույն գումարը մեկ մլն դրամ է՝ նաև շահառուի փոքր ներդրումով․
Հռիփսիմե Մուրադյան (Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոնի ավագ մասնագետ) - Մենք մոնիտորինգի միջոցով հետևում ենք, թե ինչպիսի ընթացք ունի ծրագրի ավարտից հետո մեր շահառուների հետագա աշխատանքը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Դիլիջան համայնքում ձեռնարկատիրական աջակցման ծրագրերը հաջողված են, որ ընդլայնվել են անգամ ոչ միայն ընտանիքի անդամներով, այլ նաև լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծել:
Տիգրան Քոչարյանը ևս մտադիր է ընդլայնել արտադրությունը նոր աշխատատեղերով, առայժմ ընտանեկան է, աշխատում է ավագ որդու հետ, մյուս որդին զինվորական ծառայությունն ավարտել, արդեն տունդարձի ճանապարհին է, նա էլ կլինի 2-րդ օգնականը: