Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսահամարը Մարոկկոյի հատուկ ծառայությունների կողմից ներառվել է իսրայելական Pegasus համակարգում՝ նրան լրտեսելու համար: Այս մասին հաղորդել է Le Monde թերթը:
Ըստ պարբերականի՝ Մակրոնի, ինչպես նաև 2017-2020 թվականներին կառավարության ղեկավար Էդուարդ Ֆիլիպի ու ևս 14 նախարարի համարները հնարավոր գաղտնալսումների նպատակով «ընդգրկվել են Մարոկկոյի հատուկ ծառայությունների ցուցակում»:
Թերթի տվյալներով՝ Մակրոնի հեռախոսահամարը ընտրել է Մարոկկոյի հետախուզական օպերատորը 2019-ի մարտին: Երկար տարիներ Թագավորությունը Pegasus-NSO Group-ի հաճախորդ է: Ընդհանուր առմամբ, գաղտնալսման նպատակով Մարոկկոյի տրամադրության տակ 10 000 համար կա, որի 10%-ը ֆրանսիական են:
Le Monde-ն ընդգծում է, որ Ֆրանսիայի նախագահի հեռախոսահամարի գաղտնալսման փաստը ցույց է տալիս պետական բարձրագույն իշխանությունների խոցելիությունը նման էլեկտրոնային հարձակումների նկատմամբ: Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ գաղտնի խոսակցությունների համար Մակրոնն օգտագործում է Thales ընկերության մշակած Teorem պաշտպանված հեռախոսը: