Հովհաննես Դերձակյան (գինեգործի ժառանգ) - 150 տարվա պատմություն ունեցող մառան ունենք, կարասների մասն է, համեցեք:
Մեկուկես դար առաջ կառուցված մառանը Դերձակյանները ժառանգել են մեծ պապից: Ավանդույթը չեն խախտել, մոտ 150 տարի, առանց ընդմիջումների, գինեգործությամբ են զբաղվում: Բացի լուսավորությունից՝ տարածքում ոչինչ չեն փոխել:
Հովհաննես Դերձակյան - Այստեղ խաղող են ճմռում գինի պատրաստելու նպատակով, առվով գալիս-լցվում է փորձած կարասի մեջ:
Կարասները 350-450 լիտր տարողությամբ են: Գրեթե նույնքան պատմություն ունեն, որքան կիսով չափ գետնի տակ կառուցված գինու այս բացառիկ հնձանը: Սա Հին նորքում և ընդհանրապես Հայաստանում պահպանված եզակի մառաններից է, որը պատմական մեծ արժեք ունի:
Հովհաննես Դերձակյան - Մոտ 1-մետրանոց պատեր են, ամրությունից կհասկանաք, թե ժամանակին ինչ հաշվարկներ են եղել:
Բորիս Գասպարյան («Խաղողի և գինու հայոց մշակույթը» գրքի համահեղինակ) - Ամեն ինչ պահպանված է. խաղողը լցնելու, տրորելու, կարասներ տեղափոխելու բացառիկ արտադրական կառույց է:
Նորքի գինու հնձանի պատմությունն ու խաղողի մշակման տեխնիկան ներառվել է հնագիտության ինստիտուտի կողմից հրատարակված «Խաղողի և գինու հայոց մշակույթը» գրքում, որում հեղինակները ամենայն մանրամասնությամբ ներկայացրել են հայկական գինեգործության արմատները՝ այգի հիմնելու, մշակելու ավանդույթից մինչև գինի պատրաստելու արվեստ:
Բորիս Գասպարյան - Ապացույց ունենք, որ առնվազն 1000 տարի «Արենի» սորտը մշակվել ու գոյություն է ունեցել:
Քայրայրից գտնված միջնադարյան ճյուղն ու գնիշիկաձորից վերցրած «Արենի» սորտի ԴՆԹ հետազոտության արդյունքում են պարզել: Ապացույցները փաստերով ներկայացրել են գրքում: Նաև հաստատել, որ խաղողի ընտանեացման գործով Վայոց ձորում զբաղվել են դեռևս Քրիստոսից առաջ՝ 4-րդ հազարամյակի սկզբներին: Այն, որ հայերը գինեգործությամբ զբաղվող հնագույն ազգերից մեկն են, պատմում են նաև տարբեր երեղեցիների ու միջնադարյան շինությունների պատերին պահպանված բազմաթիվ արձանագրությունները:
Բորիս Գասպարյան - Անգամ ուրարտական արձանագրություններ կան. Վանի թագավորությունից սկսած՝ այգեգործությունն ու գինեգործությունը առանցքային նշանակություն են ունեցել:
Խաղողագործության հայկական մշակույթն ապացույցներով ու փաստերով ներկայացնելու համար գրքի ստեղծմանը 6 հեղինակ է մասնակցել: Առանձին բաժնով ներկայացրել են նաև այն, որ հնում խաղողը հայերը կիրառել են նաև բժշկության մեջ: Հնագետը ցավով է փաստում, որ գինեգործության ավանդույթների մի մասն այսօր արդեն միայն պատմություն է:
Բորիս Գասպարյան - Այսօսր Հայաստանում ոչ ոք կարաս չի պատրաստում, գիտելիքը մեռնելու շեմին է:
Գիրքը նախատեսված է ոչ միայն գիտական համայնքի ու խաղողագործների, այլև զբոսաշրջությամբ զբաղվողների համար: Այստեղ ամփոփված տեղեկատվությունը հնարավորություն կտա Հայաստանի հյուրերին գինեգործության ավանդույթները փաստարկված ներկայացնել: