Այս փուլում տարվում են աշխատանքներ, որպեսզի հնարավորինս շուտ «Մոդերնա» կամ «Պֆայզեր» ապրանքանիշերի ամերկյան պատվաստանյութերը բերվեն Հայաստան: Ավելի հստակ՝ Միացյալ Նահանգները դրանք Հայաստանին որպես նվեր հատկացնի՝ հայտարարեց բժշկական համալսարանի հրավերով զինվորի տուն եկած Նուբար Աֆեյանը:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող, աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի համահիմնադիրը Հայաստան այցի մեկ ժամը սիրով համաձայնել էր ոլորտի մասնագետների հետ քննարկմանը նվիրել: Մինչ պրոֆեսորը շրջում էր Զինվորի տանը, համալսարանի գիտխորհուրդը ընդլայնված նիստի էր պատրաստվում, մասնագետներն իրենց հարցերն ունեին Աֆեյանին: Բայց մինչև այդ Նուբար Աֆեյանի համար անակնկալ կար: Գիտնականն այսօրվանից նաև Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ունի:
Եվ ամենաթանկ նվերը՝ զինվորի ձեռքով պատրաստված կոմպոզիցիա՝ հենց զինվորի ձեռքից: Ինչպե՞ս ստացվեց, որ «Մոդերնա» ընկերությունն առաջիններից մեկը դարձավ՝ Քովիդի դեմ պատվաստանյութ ստեղծելու հարցում: Պատասխանը պարզ է՝ ներկայացրեց պրոֆեսորը: Դա իրենց ընկերության 11-րդ պատվաստանյութն էր: Մինչև Քովիդն արդեն 10-ը տարբեր վիրուսներով զբաղվել էին: Անմիջապես Քովիդից առաջ էլ քաղցկեղի դեմ պատվաստանյութն էին ստեղծում՝ դրա հիման վրա, կարողացան հեշտությամբ արագ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել՝ ասաց Աֆեսյանը:
Նուբար Աֆեյան, «Մոդերնա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ - Մինչև կորոնավիրուսը հասավ մեր գիտակցությանը, արդեն 1500 մարդու վրա փորձարկում արել էինք:
Հայաստանում պատվաստումային գործընթացը դանդաղ է ընթանում՝ ասաց բժշկական համալսարանի ռեկտորը, ցուցանիշներ ներկայացրեց այլ երկրներից, որտեղ բնակչության 60-80 տոկոսը պատվաստվել է:
Արմեն Մուրադյան, ԵՊԲՀ ռեկտոր - Արդյո՞ք մենք պետք է մնանք այն ցանկում, որտեղ պատվաստման տոկոսը դեռևս չնչին է:
Ըստ Նուբար Աֆեյանի՝ պատվաստումների մասին ապատեղեկատվությունն այնքան շատ է և այնքան արագ է տարածվում, որ խանգարում է պատվաստումային գործընթացին: Մասնագետները հարց տվեցին վարակված-առողջացած մարդկանց պատվաստման անհրաժեշտության, դրա վտանգի մասին: Այն հակամարմինները, որոնք ձևավորվում են պատվաստվելով, չեն ձևավորվի վարակվելով՝ վստահեցրեց մասնագետը:
Չի բացառվում՝ առավել մեծ արդյունավետության համար մինչև աշուն որոշում կայացվի քաղցկեղով հիվանդ մարդկանց երեք դեղաչափ պատվաստել՝ ասաց Նուբար Աֆեյանը, քանի որ նրանց դեպքում հակամարմինների թիվն արագ է իջնում: Ովքեր չեն վստահում պատվաստանյութերին, չեմ մեղադրում՝ ասաց գիտնականը, այսպիսի ճգնաժամի մեջ երբեք չենք եղել, բայց եթե մասսայական պատվաստումներ չիրականացվեն, ճգնաժամն անընդհատ է շարունակվելու:
Այնպես որ, ըստ գիտնականի, համավարակի հաղթահարման ամենամեծ նախապայմաններից մեկը սոցիալական պատասխանատվությունն է, միաժամանակյա պատվաստումը: