Հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր է եղել վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն և վերահսկելի համաճարակային վիճակ։ Այս մասին ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Թեև համավարակի հետ կապված նախկին որոշ արգելքներ և սահմանափակումներ հանվել են, սակայն հանրապետությունում դեռևս շարունակում է գործել կարանտինային ռեժիմը, և կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման կանոնների պահպանումը խիստ անհրաժեշտ է։
Կարևորելով զինծառայողների առողջությունն ու զինված ուժերի մարտունակության պահպանումը և հաշվի առնելով ԶՈՒ մի շարք զորամասերում կայանալիք նորակոչիկների զինվորական երդման արարողությունները, անձնակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների և, մասնավորապես, կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանվել է հետևյալ կարգը․
Երդման արարողության օրը զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է զորամաս ժամանելիս ներկայացնեն ՊՇՌ թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ):
«Նորակոչիկների երդման արարողությունների ընթացքում զորամասերում պետք է խստագույնս պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները, մասնավորապես, պետք է պահել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը և այլն։ Նույն կարգը գործում է նաև զինծառայողներին զորամասերում տեսակցելու դեպքում։ Հորդորում ենք զինծառայողների հարազատներին և շահագրգիռ այլ անձանց՝ ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ առաջնայինը զինծառայողների առողջությունն է և բանակի մարտունակության պահպանումը»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։