146 հայտ՝ գրքի երևանյան չորրորդ փառատոնի գրական մրցույթին մասնակցելու համար: Այս տարի փառատոնի կազմակերպիչներն առանձնացրել են երկու անվանակարգ՝ «Արձակ» և «Պոեզիա»: Բացի գրական մրցույթից՝ փառատոնի շրջանակում մի շարք միջոցառումներ են լինելու մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Արմեն Սարգսյան (ԿԳՄՍՆ գրականության ոլորտի գլխավոր մասնագետ) - Երկրորդ բաղադրիչը գրքերի ցուցահանդես-վաճառքն է, որին մասնակցում են շուրջ 50 հրատարակչություններ և գրավաճառ կազմակերպություններ, նաև այն կազմակերպությունները, որոնք հրատարակչական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն: Երրորդ բաղադրիչն արդեն շնորհանդեսներն են՝ լավագույն գրքերի, որոնք լույս են տեսել վերջին 1-2 տարում:
Չարենցյան շունչը, ոգին փառատոնի 3 օրերի ընթացքում մշտապես ուղեկցելու է մասնակիցներին: Այս տարի գրքի փառատոնը նվիրվելու է Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Արմեն Սարգսյան - Փառատոնի հիմնական նպատակը ժամանակակից գրականության մասին տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնելն է, գրող-ընթերցող շղթայի ամրացումը, ինչպես նաև հրատարակիչ, գրական գործակալ, գրական մամուլ-գրող խզումը վերացնելը և գրքի ոլորտի մասնագետներին մեկ հարթակում միավորելը:
Գրական մրցույթի մասնակիցների թիվն ապացուցում է, որ գրականությունը չի մահանում՝ ասում է Գուրգեն Խանջյանը: Գրքի երևանյան առաջին փառատոնին նա հաղթել է «Դրամատուգիա» անվանակարգում: Այս տարի գրական մրցույթի ժյուրիի կազմում է:
Գուրգեն Խանջյան (արձակագիր, դրամատուրգ) - Միջինից ցածր գործեր համարյա թե չկան. սա գովելի է: Այսինքն՝ այնպիսի գործեր, որ 8-րդ դասարանի կամ 10-րդ դասարանի շարադրության մակարդակի են. էդպիսի գործեր դեռևս չեմ հանդիպել, և շատ ուրախալի է: Կան նոր անուններ, կան հին անուններ, որոնք նոր գեղագիտություն են հրամցնում:
Ներկայացված գործերի՝ ներառյալ պոեզիայի թեման, պատերազմն է: 18-50 և բարձր տարիք ունեցող ստեղծագործողներ են մասնակցում գրական մրցույթին. սա գովելի է՝ ասում է Խանջյանը:
Գուրգեն Խանջյան - Հասարակությանը կտա մի կարևոր ուղերձ՝ գիրքը կարևոր է, գրականությունը կարևոր է, հայոց լեզուն կարևոր է: Էսօր դա արդեն ակտուալ է, որովհետև տեսանք, թե հայոց լեզվի ընդունելության քննություններն ինչ մակարդակի էին: Հայց լեզուն նույնպես պետք է խրախուսվի:
Հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը գրքի երևանյան չորրորդ փառատոնի կազմակերպիչները կոչ են անում մնալ մայրաքաղաքում, միանալ գրականասերներին ու դառնալ ժամանակի շունչը: