Խաղողագործություն, գինեգործություն, գինու բիզնես ու տուրիզմ։ Արդեն յոթ տարի է՝ Երևանի գինու ակադեմիան իր ուսանողներին գործնական գիտելիքներ ու հմտություններ է տալիս գինեգործության վերաբերյալ։
Դավիթ Մարկոսյան (Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հաղորդակցման և հանրային կապերի մասնագետ) - 2014 թ․ ICARE հիմնադրամը և Գայզենհանի համալսարանը որոշեցին համատեղ ջանքերով ստեղծել մի կրթական ծրագիր, մի կրթական կառույց, որը կզբաղվեր Հայաստանում գինեգործության զարգացմամբ՝ պատրաստելով բարձրորակ մասնագետներ գինեգործության և գինու բիզնեսի ոլորտում։
«Գինեգործություն և գինու բիզնես» կրթական ծրագրով ուսանողները, լսարանային դասաժամերից բացի, անցնում են չորսշաբաթյա գիտարտադրական պրակտիկա՝ հանրապետության առաջատար գինեգործական ընկերություններում և Երևանի գինու ակադեմիայի գործարանում։ Ակադեմիայում պրակտիկա անցնող ուսանողները մասնակցում են գինու արտադրության ամբողջական գործընթացին։
Սոնա Խոջոյան (ICARE հիմնադրամի զարգացման գծով պատասխանատու) - Գինու ակադեմիայի գործարանում պրակտիկա անցնող ուսանողները հնարավորություն ունեն անմիջականորեն մասնակցելու ԻՎՆ գինիների արտադրության պրոցեսին՝ սկսած բերքահավաքից մինչև շշալիցը: Խաղողի դաշտերում մեր ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու տարաբնույթ կանաչ աշխատանքների, ինչպիսիքն են խաղողի վազի էտը, ոռոգման աշխատանքները:
Գոհարը ակադեմիայի առաջին կուրսի ուսանողուհի է։ Ասում է՝ գինեգործությունն արվեստ է, իսկ Երևանի գինու ակադեմիան՝ արվեստանոց։ Ձեռք բերած գիտելիքներն այժմ կիրառում է սեփական գինու արտադրության մեջ։ Խաքղողի «Հաղթանակ» սորտից պատրաստած վարդագույն գինին նոյեմբերից ներկայացված է մայրաքաղաքի վաճառակետերում։
Գոհար Ղարիբյան (Երևանի գինու ակադեմիայի առաջին կուրսի ուսանող) - Երևանի գինու ակադեմիան իր դռներն է բացում դեպի գինեգործության ոլորտ, տալիս է մեծ փորձ ու գիտելիք և ծանոթությունների լայն շրջանակ: 2019 թ․ մասնակցեցի ԵՎՆ-ի կազմակերպած կարճ դասընթացներին, որից հետո սկսեցի իմ գինու արտադրությունը:
Ակադեմիայում առկա է համտեսի սրահ և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գինու լաբարատորիա։ Ուսումնական գործընթացից զատ, լաբորատորիան բարձրորակ ծառայություններ է մատուցում գինու փորձաքննության ասպարեզում 30-ից ավել՝ խոշոր, միջին և անհատ գինեգործների։
Միքայել Միքայելյան (Երևանի գինու ակադեմիայի գինու լաբորատորիայի վարիչ) - Լաբորատորիան իսկ սկզբանե եղել է կրթական լաբորատորիա, բայց 2017 թ․ որոշեցինք նաև ծառայություններ մատուցել գինի արտադրողներին:
Էլիոնորա Գևորգյան (Երևանի գինու ակադեմիայի գինու լաբորատորիայի ավագ մասնագետ - Հիմա որոշում ենք գինիներում ընդհանուր ֆենոլները, որոշումը կատարվում է ֆոտոսպետրոմետրիկ եղանակով: Հիմա ես կսկսեմ լցնել համապատասխան լուծույթները:
Երևանի գինու ակադեմիան այս տարի վաճառքի է հանել «Արենի» և «Ոսկեհատ» սորտերից ուսանողների պատրաստած երեք տեսակի գինի։ «Ոսկեհատ» խաղողից պատրաստված սպիտակ գինին այս տարի Բեռլինում տեղի ունեցած գինու միջազգային մրցույթին արժանացել է արծաթե մեդալի։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան