Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Գավառի բժշկական կենտրոնում՝ ծանոթանալու վերջին 2 ամիսների ընթացքում կատարվող շինարարությանը, արտաքին և ներքին հարդարման աշխատանքներին, շինարարական թարմացումներին, տարբեր ծառայությունների նպատակային տեղափոխություններին:
«Դրանք առնչվում էին առաջին բուժօգնության կազմակերպման համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը, ֆիզիոթերապիայի, հեմոդիալիզի բաժանմունքներում պայմանների և հնարավորությունների, հիվանդանոցում գործող դեղատանն առկա դեղորայքի պահպանման պայմանների բարելավմանը, շտապօգնության և այլ ծառայությունների տեղակայմանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սանոսյանը:
Բժշկական կենտրոնը արդեն համալրվել է 30 բժիշկ-մասնագետներով, իսկ հովանավոր կազմակերպությունների և առանձին բարերարների շնորհիվ հիվանդանոց են այցելում և իրենց առաջավոր փորձով տարբեր բժշկական միջամտություններ են իրականացնում նաև միջազգային մասնագետներ: Հովանավորների աջակցությամբ հիվանդանոցն աստիճանաբար ձեռք է բերում նոր և ժամանակակից բժշկական գործիքներ ու սարքավորումներ: Անցած տարվա համեմատ, այս տարի հիվանդանոցում ավելացել է վճարովի ծառայությունների մատուցման քանակը, իսկ պետպատվերը գերակատարվել է: Վերջին մեկ ամսվա ընթացքում հիվանդանոցում պետպատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների գումարը գերազանցում է 15 միլիոն դրամը, ինչը հնարավորություն է տալիս ընդհանուր աշխատանքների մեջ վերանայել ու բարձրացնել նաև բուժաշխատողների աշխատավարձը: Բժշկական կենտրոնում իրականացվել են զգալի աշխատանքներ և նպատակային թարմացումներ, սակայն դեռևս շատ անելիքներ կան՝ հիվանդանոցային պայմանների ամբողջական բարելավման, կադրային և նյութատեխնիկական հագեցվածության առումով: Ես համոզված եմ, որ նման տեմպերով շարունակելու դեպքում, մոտ ապագայում խնդիրներն ամբողջովին հաղթահարված կլինեն:
«Հարկավոր է անել հնարավորը, որպեսզի բժշկակական կենտրոնը վայելի տարածաշրջանի բնակչության վստահությունը, ինչը աշխատանքի ամենամեծ ձեռքբերումն ու գրավականը կլինի»,- գրել է Սանոսյանը։