Եվրադատարանն առաջիկայում գնահատական կտա Բավքում ընթացող հայ գերիների դեմ հարուցված քրեական գործերով դատավարությունների վերաբերյալ: ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցչի խոսքով՝ վճիռները միջազգայնորեն չեն կարող ճանաչվել, քանի որ դատավարություններն ընթանում են համակարգային խախտումներով:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ) - Թե՛ միջպետական գանգատի շրջանակում, թե՛ անհատական գործերով փոխում ենք արդեն իսկ դատարանում գտնվող գանգատների առարկան, բարձրաձայնում նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը, այսինքն՝ արդար դատաքննության իրավունքի խախտումը:
Ադրբեջանն անցած շաբաթ սկսեց ու մինչև հուլիսի 26-ը հետաձգեց նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերեվարված երկու անձանց դատական նիստը: Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանն Արցախ օգնություն էին հասցնում, երբ առևանգվեցին Բերձորի ճանապարհին: Նրանց մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով՝ լրտեսություն, զենքի անօրինական կիրառում, զինված խմբավորում, սահմանի անօրինական հատում:
Լիլիթ Սուջյան (Ադրբեջանում գերեվարված Գևորգ Սուջյանի կինը) - Զինվորական չի եղել, պատերազմին չի մասնակցել, ամբողջ ընթացքում զինվորներին հումանիտար օգնություն են հասցրել: Ինքը հիմնադիրն ա, ես քարտուղարն եմ կազմակերպության, աղջիկները անդամներն են:
«Նոր Հայաստան, հայրենիք-սփյուռք» բարեգործական կազմակերպությունը Սուջյանը հիմնել էր մինչև պատերազմը: Կինն ու գործընկերները փորձում են բաց պահել դուռը, մինչև կվերադառնան տղաները: Մարդասիրական օգնություն են ցուցաբերել շատ ընտանիքների: 44-օրյա պատերազմի ժամանակ տղաներն առաջնագծին, իրենք թիկունքին էին օգնում:
Բուրաստան Դանեղյան («Նոր Հայաստան, հայրենիք-սփյուռք» բարեգործական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Մինչև պատերազմը սահմանապահ գյուղերի դպրոցների, մանկապարտեզների, կահավորմամբ էինք զբաղվում:
Հուլիսի 12-ին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը դիմել է Եվրադատարան, քաղաքացիական երկու անձի վերաբերյալ ներկայացրել լրացուցիչ տեղեկություն և միջանկյալ միջոց կիրառելու պահանջ: Ներկայացվել են Բաքվի շինծու դատավարությունների, արդար դատաքննության իրավունքի խախտման փաստարկներ:
Լիպարիտ Դրմեյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) - Հուլիսի 19-ին պատասխան ստացանք Եվրոպական դատարանից, որ թեև դատարանը միջանկյալ միջոցի կիրառման շրջանակից դուրս է դիտում ազատ արձակելը, բայց վերահաստատեց սեպտեմբերի 29-ին, նոյեմբերի 3-ի կիրառած ընդհանուր միջանկյալ միջոցները, որ բոլորին է վերաբերում, այդ երկու անձանց վերաբերյալ դեկտեմբերի 23-ին անհատական որոշումը վերահաստատեց՝ ամրագրելով, որ անձինք գտնվում են կոնվենցիայի պաշտպանության ներքո, և Ադրբեջանը պարտավոր է հարգել ու կատարել Եվրադատարանի որոշումները:
Սահակյանը հիշեցնում է մինչև դատական գործընթացներ սկսելը գերիներին հանցագործ անվանելու պաշտոնական Բաքվի հայտարարությունները, նույն փաստի առնչությամբ Ադրբեջանի իրավական տարբեր գնահատականները: Դրանք վկայում են, որ գործընթացը ոչ թե իրավական է, այլ քաղաքական: Իրենք ձեռք են բերել ադրբեջանական գերության ընթացքում հայերի սպանության նոր փաստեր:
Սիրանուշ Սահակյան - Մենք ունենք նաև մեծ քանակի դեպքեր, երբ քաղաքացիական անձինք, որ մնացել են բնակավայրերում, առանց գերեվարելու սպանվել են. այդ դեպքերը մեր ուշադրության կենտրոնում են: Այժմ այս գործերով ենք գանգատներ ներկայացնում Եվրադատարան:
Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ կա տեսանյութերով, լուսանկարներով հաստատվող ևս 70 գործ, որ Ադրբեջանը թաքցնում է: Ապացույցներն, ըստ նրա, չափազանց հիմնավոր են, և կարծում է՝ խոսքը 150 գերու մասին է: