ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել զերծ մնալ Վաշինգտոնի և Բեռլինի միջև բանակցությունների ընթացքում «Հյուսիսային հոսք 2»-ի հարցով իրենց դիրքորոշումը հայտնելուց՝ հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ թերթի՝ ամերիկացի պաշտոնյաները նախազգուշացրել են Կիևին, որ ռուսական գազատարի վերաբերյալ Գերմանիա-ԱՄՆ համաձայնագրի հրապարակային քննադատությունը կարող է վնասել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերություններին: Սպիտակ տան ներկայացուցիչները նաև կոչ են արել Կիևին Բեռլինի և Վաշինգտոնի ծրագիրը չքննարկել ամերիկյան Կոնգրեսի հետ, որի անդամներից շատերը քննադատում են խողովակաշարի անցկացումը և հորդորում վարչակազմին պատժամիջոցներ կիրառել՝ դրա իրականացումը կանխելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, ԱՄՆ-ը և Գերմանիան կարող են «Հյուսիսային հոսք 2» գործարքի մասին հայտարարել չորեքշաբթի՝ հուլիսի 21-ին: Ըստ թերթի՝ ամերիկյան վարչակազմը կհեռանա գազատարի նախագծին դեմ լինելու իր դիրքորոշումից: Գերմանիան էլ պարտավորվելու է օգնել Ուկրաինային էներգետիկ նախագծերում և դիվանագիտության ոլորտում:
Ենթադրվում է, որ Բեռլինը պատժամիջոցներ կկիրառի Մոսկվայի նկատմամբ, եթե Ռուսաստանը փորձի էներգետիկ ռեսուրսներն օգտագործել Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար: Գործակալության տվյալներով, կողմերը մոտ են համաձայնության: