Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Սիրիայի քրդերի հիմնած «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» պատվիրակության հետ՝ գրում է ermenihaber-ը:
«Սիրիայի դեմոկրատական խորհուրդը», որը գործում է սիրիական քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժերի» համակարգմամբ, Անկարան համարում է Թուրքիայի ու մի շարք այլ երկրների կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» սիրիական ճյուղը:
«Հակառակ մեր բոլոր հորդորներին՝ պառակտող օրակարգ ունեցող և ձեռքերն արյունոտ այս կազմակերպության հետ Ֆրանսիայի հարաբերությունները վնաս են հասցնում Թուրքիայի ազգային անվտանգությանը, Սիրիայի քաղաքական ու տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերին»,- ասված է ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչի տարածած հայտարարության մեջ:
Թուրքիայի իշխանությունները հարևան Սիրիայի հյուսիսում ինքնավարություն ստեղծելու փորձեր արած կամ անող քրդական կազմավորումներին համարում են սպառնալիք իրենց երկրի անվտանգությանը և ամեն կերպ փորձում են վիժեցնել այդ կազմակերպությունների ծրագրերը՝ դրանք քայքայելով կամ ոչնչացնելով: