Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցային գործընթացը չնայած արտաքուստ «մեռած» է, սակայն հարկ է ընդգծել, որ բազմաթիվ ակնարկներ կան, որ հակամարտությունն ապրում է բուռն կուլիսային կյանքով, և հիմա կողմերին դեռ պատրաստում են այդ գործընթացները վաղը որպես իրողություն ընկալելու հնարավորությանը։ Մասնավորապես, բնավ պատահական չէր, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Ալիևին ասաց, որ փոխզիջումները որքան էլ ցավոտ, սակայն անհրաժեշտ են հակամարտությունն ավարտելու համար։ Ըստ էության, սա բավական թափանցիկ ակնարկ էր առ այն, որ Բաքուն պետք է հրաժարվի հաղթող խաղալ և ստիպված է հաշվի նստել իրողությունների հետ, և որ Ալիևի վարչակազմը չի կարողացել պատճենել Էրդողանի ռազմավարությունը։ Խոսքը այն մեթոդի մասին է, երբ Անկարան անում, ավարտում է ինչ-որ գործողություն, ապա ստիպում է հաշվի նստել արդեն իրողության հետ։ Ադրբեջանին դա ոչ միայն չհաջողվեց, այլև, ըստ ամենայնի, Բաքուն առաջիկայում կանգնելու է լրջագույն խնդիրների առաջ։
Խնդիրների ակունքում Բաքվի անկարողությունն է ընկալել, որ «հաղթական» պատերազմը դեռ պատերազմի ավարտը չէ (ի դեպ՝ ժամանակին նույն սխալը գործել է հայկական կողմը), և չնայած Արցախյան երկրորդ պատերազմում Բաքվին բավարարող արդյունքներին՝ իրավիճակը կարող է այնպես շրջվել, որ ժամանակը սկսի աշխատել ի վնաս հաղթող կողմի։ Իսկ դա սկսեց ակնհայտ դառնալ, երբ «Հարավ-հյուսիս» նախագծի մասին խոսակցությունների ժամանակ սկսեց շրջանցվել Ադրբեջանի գործոնը, ինչը չափազանց անսպասելի է Բաքվի համար, քանի որ Արցախի հարավային շրջանների օկուպացիայի հիմնական նպատակը ծրագիրն այդ նախաձեռնության համար որպես հարթակ առաջարկելն էր։ Երկրորդ ծանր հարվածը Ադրբեջանը ստացավ մայիսին, երբ ներխուժեց Սյունիք՝ նպատակ ունենալով հարվածի տակ առնել վերը նշված ծրագիրը, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Իրանի արտգործնախարար Զարիֆն Ալիևին անձամբ է զգուշացրել, որ նման արկածախնդրությունը Բաքվի համար կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ։
Երրորդ ապտակն Ադրբեջանը ստացավ արդեն Բրյուսելից, երբ Եվրամիությունը հայտարարեց հինգ տարվա ընթացքում Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի օժանդակություն հատկացնելու մասին՝ հատուկ շեշտելով Սյունիքում ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը և «Հյուսիս-հարավ» մայրուղու հարավային հատվածի համար 600 մլն եվրո տրամադրելու մտադրությունը։ Արդբեջանական ագիտպրոպը սրան չափազանց ցավոտ արձագանքեց՝ աղաղակելով, թե ԵՄ-ն խախտում է արդարության սկզբունքը, բայց փաստն այն է, որ ադրբեջանական այս «ողբը» արդարության մասին չէ։ Իրադարձություններին ուշադիր հետևողներն արդեն իսկ նկատում են, որ Բաքվում աստիճանաբար սկսում են հասկանալ, որ ձեռքից բաց են թողնում իրադարձությունների նկատմամբ ցանկացած վերահսկողություն ունենալու հնարավորությունը, և եթե առաջիկայում չնախատեսված ոչինչ տեղի չունենա, ապա պատերազմից մնացած միակ «ձեռքբերումը» կմնան Ադրբեջանի տարածքում տեղակայված ռուսական և թուրքական զորամիավորումներն ու Ադրբեջանի սուբյեկտայնության կորուստը։
Ի դեպ, եվրոպական այս ծրագիրն Ադրբեջանի համար կրկնակի ցավոտ է, քանի որ գրեթե անհնար է ենթադրել, որ Բրյուսելն այս դեպքում գործել է՝ ծրագիրը չհամաձայնեցնելով Ռուսաստանի հետ։ Սրա բավական վառ ապացույցն այն է, որ այսօր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, շեշտել է, որ եթե Եվրամիության երկրները կարող են իրենց միջնորդությամբ օգտակար լինել Արցախյան հակամարտության կարգավորմանը, Մոսկվան միայն կողջունի դա։ Սա բավական սպասելի էր, քանի որ Արցախում և Հայաստանի սահմանների խաղաղության պահպանումը Ռուսաստանի համար պատվի հարց է՝ հաշվի առնելով, որ պատերազմը դադարել է հենց Մոսկվայի միջնորդությամբ։ Սակայն պետք է նաև օբյեկտիվ լինել և ընդունել, որ Ռուսաստանի հնարավորություններն անսահմանափակ չեն, և հիմա ՌԴ-ն խնդիր ունի իր շահերը պաշտպանել ոչ միայն այստեղ, այլև Կենտրոնական Ասիայում, Սիրիայում և Ուկրաինայում։ Եվ Կրեմլը, գլխովին մտնելով կենտրոնասիական, մերձավորարևելյան և արևելաեվրոպական թնջուկների մեջ, որոշել է Հարավային Կովկասի այս հատվածի պատասխանատվությունը կիսել, սակայն ոչ թե Թուրքիայի հետ, ինչպես շատերին թվում էր թե՛ Անկարայում, թե՛ Բաքվում, այլ Արևմուտքի հետ։ Սա բավական տրամաբանված քայլ է, քանի որ Ռուսաստանը հստակ գիտի, որ Թուրքիայի հետ մերձեցումը ժամանակավոր բնույթ ունի և ուղղված է միայն ու բացառապես ՆԱՏՕ-ի դեմ՝ այն դեպքում, որ եթե Թուրքիային հաջողվի Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան «իրենով անել», Ռուսաստանը շատ ավելի լուրջ խնդիրներ է ունենալու, քան Հարավային Կովկասի և Արցախի արգելափակոցն Արևմուտքի դիմաց բացելու դեպքում։